Թուրքիայի հետ սահմանին գտնվող կամուրջներն ու ճանապարհները ենթակա են շահագործման. ՀՀ ԱԳՆ
Հայ-թուրքական սահմանին գտնվող կամուրջներն ու ճանապարհները ենթակա են շահագործման: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն փետրվարի 15-ին հայտարարեց, որ Հայաստանի և Թուրքիայի միջև ցամաքային հաղորդակցության բացման համար ենթակառուցվածքների պատրաստման գործընթացն արագացնելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերել հայ գործընկերոջ` Արարատ Միրզոյանի հետ։ Նա նշեց, որ երկու կողմերն էլ սահմանային անցակետերի մոտ ճանապարհների և կամուրջների վերլուծության և ստուգման արդյունքներն ունեն։ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո Միրզոյանը հայտարարեց, որ Հայաստանն ու Թուրքիան պայմանավորվել են համատեղ ջանքերով վերանորոգել հայ–թուրքական սահմանին գտնվող Անիի կամուրջը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ փետրվարի 16-ին ասաց, որ Անիի կամրջի էսքիզային նախագիծը վաղուց պատրաստ է։
«Ճանապարհների և կամուրջների ստուգման արդյունքները ցույց են տվել, որ դրանք ենթակա են շահագործման», - ասված է ՀՀ ԱԳՆ պատասխանում։
Նախարարությունից հիշեցրել են` Արարատ Միրզոյանը կառավարության նիստում նշել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել արագացնել երկխոսության գործընթացը և վերջնական սահմանների բացման նպատակով տեղի ունեցող գործընթացը։
«Աշխատանքներ են իրականացվելու երրորդ երկրների քաղաքացիների, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի դիվանագիտական անձնագրեր ունեցող քաղաքացիների համար ցամաքային սահմանի հատման գործընթացն ավարտին հասցնելու ուղղությամբ»,– ավելացրել են ԱԳՆ–ում։
Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
Ավելի ուշ ԱԳՆ-ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորման բանակցությունները՝ առանց նախապայմանների։



