չորեքշաբթի, հուլիս 15
15 / 7 / 2026
Թուրքիայի Ադրբեջանի հետ ցեղային ընդհանրության վրա հիմնված քաղաքականությունը սնում է անկայունություն․ ԱԳ նախարար

Թուրքիայի Ադրբեջանի հետ ցեղային ընդհանրության վրա հիմնված քաղաքականությունը սնում է անկայունություն․ ԱԳ նախարար

 Չեմ կարող ասել, որ մենք զարմացած էինք Թուրքիայի դիրքորոշումից, որը հանդիսանում է ապակայունացնող գործոն ոչ միայն մեր տարածաշրջանում, այլ նաև մյուս բոլոր հարևան տարածաշրջաններում: Այս մասին «Sky News Arabia» հեռուստաընկերությանը տված հրացազրույցում հայտարարել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։ 

«Մենք ականատես ենք եղել ուժի, ներթափանցման և միջամտության այսօրինակ դրսևորմանն այլ տարածաշրջաններում, այդ թվում Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում, Հյուսիսային Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում։ Փորձ է կատարվում Թուրքիայի այս նեո-օսմանական քաղաքականությունը հետապնդել նաև մեր տարածաշրջանում»,- նշել է նախարարը։

Ըստ Մնացականյանի՝ ուշադրությամբ հետևել են Թուրքիայի  հայտարարություններին, և այդ հայտարարության մեջ տեղ գտած դրույթներից մեկը մեր տարածաշրջանում Թուրքիայի պատմական առաքելության մասին է։

«Մենք ստիպված ենք հիշեցնել, որ դա տխրահռչակ, հանցավոր առաքելություն է, դա մի առաքելություն է, որն իր մեջ կրում է անցյալ դարասկզբին Հայոց ցեղասպանության իրագործման հիշողությունը»,- ընդգծել է Մնացականյանըկ։

Լրագրողի այն հարցին, թե  Հիշատակելով Ցեղասպանությունը և այն, ինչ տեղի է ունեցել պատմության ընթացքում, արդյո՞ք դա է պատճառը, որ այս բախումներում և վերջին դեպքերի ժամանակ Թուրքիան  բացահայտորեն աջակցում է Ադրբեջանին ընդդեմ Հայաստանի, ԱԳ նախարարը պատասխանել է․

«Ինչպես ասացի, սա տարածաշրջանում ուժի և ուժային քաղաքականության դրսևորում էր, որ արտահայտեց նրանց նկրտումները, մեր տարածաշրջանում անկայունություն սերմանելու նրանց քաղաքականությունը: Թուրքիայի այս շատ վտանգավոր աշխարհաքաղաքական քաղաքականությունը որևէ կերպ չի նպաստում հակամարտության խաղաղ կարգավորմանը և որևէ կերպ չի նպաստում ամուր, ուժեղ կայունությանը մեր տարածաշրջանում: Այս քաղաքականությունը կտրականապես հակասում է մյուս գործընկերների և հարևան երկրների քաղաքականությանը, որոնք ավելի հավասարակշռված են եղել, ավելի զգուշավոր և ընկալող, որ մեր տարածաշրջանում չի կարող լինել խաղաղություն տարածաշրջանի որևէ երկրի հաշվին: Ուստի, Թուրքիայի միակողմանի մոտեցումը, Ադրբեջանի հետ ցեղային ընդհանրության վրա հիմնված քաղաքականությունը սնում է անկայունություն»։

 

  • Կիսվել: