հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Թուրքիան պիտի լուծի Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա խնդիրը. Փայլան

Թուրքիան պիտի լուծի Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա խնդիրը. Փայլան

Թուրքական «Gazetekarınca» լրատվամիջոցը «Բաքու-Երևան բանակցություններ․ հնարավո՞ր է խաղաղության պայմանագիր» հոդված ներկայացրել է Միրզոյան-Բայրամով վաշինգտոնյան հանդիպումը։ Ապա՝ Հայաստան-Ադրբեջան գործընթացի մասին Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր, «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության անդամ Կարո Փայլանի և հայկական «Ակոս» պարբերականի խմբագիր Բագրատ Էստուկյանի մեկնաբանությունները, գրում է ermenihaber.am-ը:

Փայլանը նշել է Հարավային Կովկասում առկա խնդիրները չմիջազգայնացնելու կարևորության մասին՝ առաջ քաշելով այն տեսակետը, որ Թուրքիան պիտի լուծի Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա խնդիրը։

«Հակառակ դեպքում, եթե լուծման սեղանը ձևավորի ԱՄՆ-ն, Ռուսաստանն է խնդիր առաջացնելու։ Ռուսաստանն առանց այդ էլ այստեղ որևէ լուծում չի ցանկանում։ Չլուծվածության հիման վրա շարունակում է տարածաշրջանում իր հեգեմոնիան»- նշել է Փայլանը՝ շեշտելով, որ խաղաղություն ապահովող երկիրը պետք է լինի Թուրքիան, սակայն Թուրքիայում դեռևս չկա այդ կամքը։

Բագրատ Էստուկյանն էլ նշել է, որ Թուրքիան ունի միջնորդ լինելու աշխարհաքաղաքական դիրք, սակայն արդեն 30 տարի է, ինչ կորցրել է այդ հնարավորությունը։ Խոսելով այն մասին, որ Թուրքիան հրաժարվել է Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել՝ Էստուկյանն ընդգծել է․

«Եթե Թուրքիան կապ հաստատեր Հայաստանի հետ այնքանով, որքանով դա պահանջում են հարևանային հարաբերությունները, այսինքն հարաբերություններ հաստատեր այնպես, ինչպես հաստատել է Բուլղարիայի, Հունաստանի, Իրաքի, Իրանի և անգամ վերջին շրջանում Սիրիայի հետ, ապա այսօր կարող էր ստանձնել միջնորդական պարտականությունը։ Սակայն այդ հնարավորությունը Թուրքիան մերժել է սխալ քաղաքականությամբ, ազգայնական զգացմունքներից և թուրանական ձգտումներից բխող դիրքորոշմամբ։ Թուրքիան բանակցություններն արգելափակում է նախապայմաններով։ Հիմա առաջ քաշվող/պարտադրվող նախապայմանն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումն է։ 30 տարի շարունակվող բախումների շրջանը հանձնառություններով չի ավարտվելու»։

  • Կիսվել: