երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Թունյանը մարզերում բնակելի թաղամասերի կառուցապատումը խթանող օրենսդրական կարգավորում է առաջարկում

Թունյանը մարզերում բնակելի թաղամասերի կառուցապատումը խթանող օրենսդրական կարգավորում է առաջարկում

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն առաջարկում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքում «կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքից անշարժ գույք» ձեւակերպումը փոխարինել ավելի պարզ՝ «կառուցվող անշարժ գույք» ձեւակերպմամբ, ինչը հնարավորություն կտա սեփականատերեր չհամարվող անձանց եկամտահարկի վերադարձի արտոնությամբ անշարժ գույք գնելու իրավունք ունենալ ոչ միայն կառուցվող բազմաբնակարան շենքից բնակարան գնելու, այլ կառուցվող բնակելի թաղամասից բնակելի տուն գնելու դեպքում:

Ինչպես տեղեկացնում է նախագծի հեղինակը նշեց, որ ներկայումս գործող օրենսդրական կարգավորումները հնարավորություն են տալիս անշարժ գույք գնող քաղաքացիներին մինչեւ ավարտական ակտ ստանալը, դեռ կառուցման փուլում, գնման իրավունքի պայմանագիր կնքել եւ հիփոթեքային վարկ ստանալ՝ դիմելով նաեւ եկամտային հարկի փոխհատուցման արտոնության համար: Մասնավորապես, Քաղաքացիական օրենսգրքով, սեփականատերեր չհամարվող անձինք, ի թիվս այլ իրավունքների, կարող են ունենալ կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունք:

«Խնդիրն այն է, որ օրենքում նշված «կառուցվող շենքից» ձեւակերպումը ինքնաբերաբար այս մեխանիզմից դուրս է թողնում բնակելի թաղամասերից բնակելի տուն գնելու գործարքները: Մեզ են դիմել մի խումբ կառուցապատողներ, որոնք ցանկանում են մարզերում բնակելի կառուցապատում իրականացնել, կառուցել բնակելի թաղամասեր՝ նշելով, որ այս կարգավորումը անհավասար պայմաններ է ստեղծում բազմաբնակարան շենք եւ բնակելի տուն կառուցողների միջեւ եւ խոչընդոտում է իրենց ծրագրերին»,- ասաց պատգամավորը:

Համապատասխան փոփոխություն է կատարվել նաեւ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում:

Նախագիծը մշակվել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Բաբկեն Թունյանի, Նարեկ Զեյնալյանի եւ Լուսինե Բադալյանի կողմից:

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է բազմաբնակարան շենքերի եւ բնակելի տների հետ կապված գործարքներին վերաբերող օրենսդրական կարգավորումների ներդաշնակեցում, մարզերում բնակելի թաղամասերի կառուցապատման խթանում:

  • Կիսվել: