ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ծառուկյանի հայտարարությունը հետևել է իրավապահ համակարգից եղած արտահոսքին. Մակունց

Ծառուկյանի հայտարարությունը հետևել է իրավապահ համակարգից եղած արտահոսքին. Մակունց

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ կապված քրեական գործերին եւ նրա հայտարարությանը, թե սա քաղաքական պատվերով քրեական գործերի հորինում է, ասաց, որ չկա որեւէ քաղաքական պատվեր, կան իրավապահների դաշտում գտնվող որոշակի գործեր, որոնք անհրաժեշտություն ունեն բացահայտման

Մակունցը նշեց. «Ես կարծում եմ՝ հիմա հակառակ գործընթացն է տեղի ունենում եւ այնպիսի տպավորություն է, որ փորձ է կատարվում խոչնդոտել իրավապահ մարմինների անկաշկանդ գործողություններին: Որեւէ ուժի կողմից նման որեւէ ճնշումն անթույլատրելի է»:

Ըստ նրա՝ փորձ է արվում քրեական գործին քաղաքական  երանգ տալ. «Սկսվել է որոշակի իրավական պրոցես, որի մասին ի դեպ, «Իմ քայլը» խմբակցությունը տեղեկացել է մամուլից եւ ԱԱԾ հաղորդագրությունից, փորձում են այդ պրոցեսներին տալ քաղաքական երանգ: Քանի որ իրվապահները ձեռնարկել են գործողություններ ինչ-որ բաների բացահայտման առումով, իրենք որակում են հենց այդպես»:

Պատասխանելով լրագրողների հարցին, թե համընկնումները շա՞տ չեն, երբ Ծառուկյանը հայտարարեց կառավարության 100 տոկոս հրաժարականի մասին, եղան քրեական գործեր՝ Մակունցն ասաց. «Իմ խորին համոզմամբ, եւ վերջին շրջանի հրապարակումները հենց այդ մասին են վկայում, որ որոշակի արտահոսք է հավանաբար տեղի ունեցել իրավապահ համակարգից, որին տեղեկացել են ԲՀԿ-ի առանձին անդամներ կամ միգուցե մեկ անդամ, գուցե հենց խմբակցության ղեկավարը, ես չգիտեմ, որից պաշտպանվելու առաջին քայլը եղել է քաղաքական հայտարարությամբ հանդես գալը, որը իրենք կկարողանային որակել որպես քաղաքական պրոցես կամ քաղաքական ազդեցություն: Սա է ամբողջը:

Պատահական չէ, որ ԲՀԿ ղեկավարի հայտարարությունից անմիջապես հետո վարչապետի խոսնակի հաղորդագրությունը հրապարակվեց, որը գուցե շատերիս ինչ-որ բան ասաց, բայց առանձնապես մանրամասները չհասկացանք: Հաջորդող իրադարձությունները եկան վկայելու, որ, այո, փձաստացի որոշակի տեղեկատվություն հասանելի է դարձել ԲՀԿ-ին եւ փորձ է արվում քաղաքական երանգի ներքո ներկայացնել իրավական պրոցեսները: Ինչ վերաբերում է, թե ինչպես է այդ տեղեկատվությունը հասանելի դարձել ԲՀԿ-ին, ես հիմա ճիշտ չեմ համարում որեւէ կոնկրետ կառույցի անուն հնչեցնել»:

  • Կիսվել: