Տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է, բայց հունիսին հույս ունենք՝ պատկերն այլ կլինի․ Տիգրան Ավինյան
2019-ի ապրիլի համեմատ 2020-ի ապրիլի տնտեսական ակտիվության ցուցանիշն անկում է ապրել 16.7%-ով, մայիսի նկատմամբ ունեցել ենք անկում 12.8%-ի, այդ մասին այսօր ԱԺ հատուկ նիստում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Տարոն Սիմոնյանի հարցին՝ կորոնավիրուսի ընթացքում տնտեսական ի՞նչ կորուստներ է կրել մեր երկիրը։
Փոխվարչապետի խոսքով, հունիսի տվյալները, որոնք կամփոփվեն հուլիսի 20-ին, չեն ունենա նմանատիպ պատկեր, և տարբեր ոլորտներ վերականգնված կլինեն:
«Ընդհանրապես, նոր սահմանափակումների քննարկման ժամանակ իրականացվում է տնտեսական հնարավոր ազդեցության գնահատում: Երբ քննարկում էինք, օրինակ, պարետային ժամի ներդրման հնարավորությունը և մի շարք այլ սահմանափակումներ, դրա գնահատականն էր, որ տնտեսությունը կտուժի ՀՆԱ-ի 0.8%-ի չափով: Եվ կանոնների պահպանմամբ կյանքի վարումը շատ ավելի նվազ ծավալների տնտեսական բացասական հետևանքների է բերում»,- նշեց Ավինյանը:
Նրա խոսքով, Հայաստանի տնտեսությունը նաև կապված է գլոբալ տնտեսության հետ, քանի որ այդ երկրներում կտրուկ անկումներ են տեղի ունենում:


