Կամրապնդվի բարձրագույն կրթության և տնտեսության կապը, կստեղծվի մասնագիտությունների և կրթական ծրագրերի թվային ռեեստրի հիմքը
Կառավարությունը հաստատել է բարձրագույն կրթության մասնագիտությունների և դրանց դասիչների (ներառյալ կարգավորվող մասնագիտությունների վերաբերյալ հատուկ նշումը), դրանց համապատասխան տրվող որակավորումների ցանկը և դրանց ուսուցման ձևերը։
Ըստ հիմնավորման՝ ՀՀ բարձրագույն կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկը (դասակարգիչը) կրում է նորմատիվ բնույթ և հանդիսանում է բարձրագույն կրթության համակարգի պետական կարգավորման գործիք։ Որոշմամբ՝ սահմանվել է նաև «մասնագիտություն» հասկացությունը որպես՝ պետության կողմից հաստատված բարձրագույն կրթության տիրույթ, որը բնութագրում է շրջանավարտի մասնագիտական գործունեության լայն շրջանակը, տալիս է նրա մասնագիտական զբաղվածության սահմանները և միավորում է մեկ կամ մի քանի կրթական ծրագրեր։
Առաջարկվող մոդելով հստակ տարանջատվում են կարգավորման մակարդակները՝ մասնագիտություն-դասակարգման նորմատիվ միավոր, կրթական ծրագիր-լիցենզավորման և հավատարմագրման օբյեկտ, որակավորում- կոնկրետ կրթական ծրագրի ավարտի արդյունք, որը համապատասխանում է տվյալ մասնագիտության շրջանակներում բարձրագույն կրթության համապատասխան մակարդակին։ Առաջարկվող մոդելում լիցենզավորումն ու հավատարմագրումը կիրականացվեն բացառապես կրթական ծրագրերի մակարդակում։ Այս կարգավորումը կապահովի բուհերի ակադեմիական ինքնավարությունը և ծրագրերի բազմազանությունը՝ պահպանելով համակարգի նորմատիվ կառուցվածքային կայունությունը: Դասակարգիչն ապահովում է նաև համակարգի կառավարելիությունը և միջազգային համադրելիությունը։
Միջազգային հաշվետվողականության նպատակով կրթական ծրագրերը կոդավորվում են՝ համաձայն ISCED-F 2013 (International Standard Classification of Education) դասակարգման, որը մշակվել է UNESCO-ի կողմից։ Միաժամանակ միջազգային դասակարգումը կիրառվում է բացառապես որպես վիճակագրական համադրելիության գործիք և չի սահմանում ՀՀ բարձրագույն կրթության համակարգի ներքին նորմատիվ կառուցվածքը։ Ապագայում, նոր դասիչներով մասնագիտությունների և Զբաղմունքների, պաշտոնների և կարողունակությունների (կոմպետենցիաների) ազգային դասակարգչի փոխկապակցվածության ապահովման նոր հնարավորություններ կստեղծի քաղաքացիների և գործատուների համար։
Քաղաքացիների համար հնարավորություն կառաջանա կրթության պլանավորման փուլում առավել պարզ պատկերացնել հետագա աշխատանքային հնարավորությունները, իսկ գործատուները կկարողանան առավել ճիշտ ընտրություն անել պաշտոնին համապատասխան կարողություններով օժտված մասնագետներ աշխատանքի ընդունելիս։ Որոշումը հնարավորություն կտա վերացնել մասնագիտությունների կրկնությունն ու ավելորդ մանրամասնեցումը, ապահովել միջազգային համադրելիությունը, ամրապնդել բարձրագույն կրթության և տնտեսության կապը, ստեղծել մասնագիտությունների և կրթական ծրագրերի թվային ռեեստրի հիմք, ապահովել մասնագիտությունների և որակավորումների ինտեգրումը որակավորումների ազգային շրջանակի հետ, բարձրացնել ռազմավարական պլանավորման, պետական կարիքների գնահատման և հաշվետվողականության արդյունավետությունը։



