շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՀՊՏՀ կոլեկտիվի ներկայացուցիչները հավաք են հայտարարում․ Երթով կշարժվեն դեպի կառավարություն

ՀՊՏՀ կոլեկտիվի ներկայացուցիչները հավաք են հայտարարում․ Երթով կշարժվեն դեպի կառավարություն

ՀՊՏՀ կոլեկտիվի ներկայացուցիչներն այսօր ԲՈՒՀ-ի դիմաց ժամը 10։00  հավաք են հայտարարում և երթով շարժվելու են դեպի ՀՀ Կառավարություն։ Նրանք հայտարարույթուն են տարածել, որում ասվում է․

«Արդեն շուրջ 2 տարի է՝ Հայաստանի պետական տնտեսագիտական  համալսարանը ղեկավարվում է ռեկտորի պաշտոնակատարների կողմից։ 2020 թվականի մայիսին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը վերջապես հայտարարեց «ՀՊՏՀ» ՊՈԱԿ-ի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթ: Հուլիսի 17-ին կայացած մրցույթում «ՀՊՏՀ» ՊՈԱԿ խորհրդի անդամների ձայների 2/3-ով ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնում ընտրվեց Դիանա Գալոյանը: «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ ՀՀ Կառավարությունը հաստատում է ռեկտորի ընտրության արդյունքները, ինչը ընտրությունից ավելի քանի երկու ամիս անց դեռևս չի իրականացվել։ Այս իրավիճակը ավելի է խորացնում անորոշությունը, որը ստեղծվել է ՀՊՏՀ շուրջ՝ հանդիսանալով ճգնաժամի պատճառ:

Այս հարցով ՀՊՏՀ գիտական խորհուրդը դիմել է և՛ ԿԳՄՍ նախարարին, և՛ ՀՀ Կառավարությանը, սակայն որևէ  պատասխան այդպես էլ չի ստացել:

Ելնելով ստեղծված իրավիճակից՝ Տնտեսագիտական համալսարանի կոլեկտիվի ներկայացուցիչները այսօր ժամը 10։00-ին հավաք են հայտարարում ՀՊՏՀ դիմաց և երթով շարժվելու են դեպի ՀՀ Կառավարություն։

Հավաք-երթի միակ պահանջը սույն թվականի հուլիսի 17-ին «ՀՊՏՀ» ՊՈԱԿ ռեկտորի մրցույթի արդյունքների՝ օրենքով սահմանված կարգով հաստատումն է»։

  • Կիսվել: