ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Տիգրանաշենը չի հանձնվի Ադրբեջանին. նախարարի մամուլի քարտուղարը հերքում է լուրերը

Տիգրանաշենը չի հանձնվի Ադրբեջանին. նախարարի մամուլի քարտուղարը հերքում է լուրերը

Արմեն Աբազյանի և Ալի Նագիևի հանդիպումից հետո սկսեցին լուրեր շրջանառվել, որ հանդիպման ժամանակ որոշում է կայացվել Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքը հանձնել Ադրբեջանին, գրում է armeniasputnik.am-ը:  

Լուրերը, թե հայկական կողմը պատրաստվում է հնգօրյա ժամկետում Ադրբեջանին հանձնել Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղը, չեն համապատասխանում իրականությանը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին վստահեցրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի քարտուղար Արմինե Մուրադյանը։

Նշենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանի և Ադրբեջանի անվտանգության պետական ծառայության տնօրեն Ալի Նագիևի հանդիպումից հետո տելեգրամյան ալիքներում սկսեցին լուրեր շրջանառվել, որ հանդիպման ժամանակ որոշում է կայացվել Տիգրանաշենը հանձնել Ադրբեջանին։

«Տիգրանաշենի առնչությամբ շրջանառվող լուրերը չեն համապատասխանում իրականությանը»,–ասաց Մուրադյանը։

Տիգրանաշենը (Քյարքի) Արարատի մարզի Պարույր Սևակ խոշորացված համայնքի կազմում է։ Ի դեպ, Տիգրանաշենի միջով անցնում է Հայաստանի հյուսիսը հարավին կապող հիմնական մայրուղին։

Հունվարի 4-ին Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը հերքել էր դրանք` ասելով, որ Արարատի մարզի սահմանները հսկվում են Հայաստանի զինված ուժերի կողմից և որևէ համայնք թշնամու վերահսկողության տակ չի անցնելու՝ ո՛չ հիմա, ո՛չ էլ երբևէ։

Պարույր Սևակ համայնքի ղեկավար Էդուարդ Ստեփանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ առողջական խնդիրներ ունի և հարցերին պատասխանել չի կարող։

Հիշեցնենք` օրեր առաջ կրկին լուրեր էին պտտվում, որ Տիգրանաշենը հանձնելու են Ադրբեջանին։

Նշենք նաև, որ 1991 թ. Տիգրանաշենը (Քյարքին) փոխանակվել է Արծվաշենի հետ։

  • Կիսվել: