Տեսանք, թե ինչ գեղեցիկ ձեւով Արցախը հանձնեցին. Գագիկ Մելքոնյանը՝ Արցախի նոր իշխանությունների մասին
Մենք տեսանք՝ ինչ տեղի ունեցավ Արցախում, մեկ ամիս էլ չկա, որ իշխանությունը փոխվեց Արցախում, իշխանության եկան այն մարդիկ, որոնք ձգտում էին ավելի շուտ գային իշխանության եւ տեսանք, թե ինչ գեղեցիկ ձեւով Արցախը հանձնեցին: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 27-ին, «Եռաբլուրում» լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ-ական պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը:
«Այսինքն կապիտուլյացիան, որի մասին իրենք միշտ խոսում էին, տեղի ունեցավ իրենց ձեռքով: Հիմա Հայաստանը, մեր իշխանությունները ընունում են մեր քույր ու եղբայրներին, նրանց համար ժամանակավոր կացարաններ են պատրաստված, նաեւ տեղաբաշխվում են տարբեր շրջաններում, որտեղ իրենք հարազատներ ունեն: Իրենց փախստականի կարգավիճակ է տրվելու: Հնարավոր է, որ այն գյուղերը, որոնց բնակչությունը շատ քիչ է, այնտեղ տներ կառուցվեն իրենց համար: Պետությունն արդեն ասել է, որ ինքն ամեն ձեւով կաջակցի ու կօգնի բոլորին»,-ասաց նա:



