կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Տեղի ունեցող բոլոր իրադարձությունները փոխկապակցված են ներքին կապերով, այդ թվում՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմը. Փաշինյան

Տեղի ունեցող բոլոր իրադարձությունները փոխկապակցված են ներքին կապերով, այդ թվում՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմը. Փաշինյան

Իմ համոզմունքն այն է, որ տեղի ունեցող բոլոր իրադարձությունները փոխկապակցված են ներքին կապերով, այդ թվում՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմը Լեռնային Ղարաբաղում: Այս մասին The Wall Street Journal-ի հետ հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ռուս-ուկրաինական պատերազի՝ Հայաստանի անվտանգային միջավայրի վրա ազդեցության մասին հարցին։

Նա, մասնավորապես, նշել է. «Իհարկե, այդ ազդեցությունները շատ ուղիղ և հիմա՝ ժամանակակից աշխարհում, զգացվում են, տեսանելի են և զգալի են նույնիսկ հազարավոր կիլոմետրերով հեռու, բայց այն իրադարձությունները, որոնք Դուք նշում եք՝ տեղի են ունենում մեր տարածաշրջանում, մեր տրանսպորտային ուղիների մերձակայքում, կամ մեր տրանսպորտային ուղիների վրա:

Բայց նաև իրադարձությունների մեր արձագանքն այն է, որ մեր տարածաշրջանին անհրաժեշտ է խաղաղություն, և մենք կարևոր ենք համարում այդ քաղաքականության հետևողական վարումը»:

Փաշինյանի խոսքով՝ շատ կարևոր մի նրբություն կա, որն ինքը նորից Եվրոպական խորհրդարանում ունեցած ելույթում արձանագրեց, որովհետև երբեմն դա կարող է, նրա խոսքով, չնկատվել կամ չարձանագրվել, կամ չֆիքսվել:

«Երբ ասում ենք՝ մենք խաղաղության օրակարգ ունենք, Հայաստանի Հանրապետությունը կարող է խաղաղ լինել, եթե խաղաղ է մեր տարածաշրջանը, չի կարող այնպիսի իրավիճակ լինել, որ մեր տարածաշրջանը խաղաղ չէ, բայց Հայաստանի Հանրապետությունը խաղաղ է: Եվ դրա համար խաղաղության մեր պատկերացումները որևէ կերպ չենք հակադրում և չենք տարանջատում խաղաղության տարածաշրջանային շահերին: Եվ սա շատ կարևոր ձևակերպում է, շատ կարևոր առանձնահատկություն է, որը ես կուզենայի ընդգծել»,- ասել է նա:

 

  • Կիսվել: