հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ հետընդունման համատեղ կոմիտեի 9-րդ նիստը

Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ հետընդունման համատեղ կոմիտեի 9-րդ նիստը

Հոկտեմբերի 25-ին տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ հետընդունման համատեղ կոմիտեի 9-րդ նիստը, որին մասնակցում էին ՀՀ ԱԳՆ, ՀՀ ՆԳՆ, Եվրոպական հանձնաժողովի, Հայաստանում ԵՄ պատվիրակության և ԵՄ անդամ երկրների դեսպանությունների, ինչպես նաև FRONTEX-ի ներկայացուցիչները:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից՝ նիստը համանախագահում էին Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը և Եվրոպական հանձնաժողովի ներքին գործերի հարցերով գլխավոր տնօրինության անօրինական միգրացիայի և վերադարձի քաղաքականության բաժանմունքի հետընդունման բաժնի պետ Սիլվենա Պեստան:

Կողմերը քննարկել են հետընդունման հարցերով վիճակագրությունը, համաձայնագրի երկկողմ կիրարկման արձանագրությունների կարգավիճակը, ինչպես նաև համաձայնագրի կատարման արդյունավետությունն առավել բարձրացնելուն ուղղված տեխնիկական և բովանդակային այլ հարցեր։

Անդրադարձ է կատարվել ներկայումս իրականացվող պետական վերաինտեգրման աջակցության ծրագրին, դեպի Հայաստան կամավոր վերադարձի և վերաինտեգրման համակարգի բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքներին: Եվրոպական կողմն իր հերթին գոհունակություն է հայտնել հայկական կողմի հետ արդյունավետ համագործակցության կապակցությամբ:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել գործուն քայլերը Հայաստան-ԵՄ հետընդունման հարցերով համաձայնագրի հետագա կիրարկման ուղղությամբ։

  • Կիսվել: