երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ճիշտ ձևով ապրանքներ մաքսազերծողների համար հավասար պայմաններ ենք ապահովում․ ՊԵԿ-ը չի նահանջում մաքսազերծման նոր կարգից

Ճիշտ ձևով ապրանքներ մաքսազերծողների համար հավասար պայմաններ ենք ապահովում․ ՊԵԿ-ը չի նահանջում մաքսազերծման նոր կարգից

Պետական եկամուտների կոմիտեն նպատակահարմար չի համարում հետաձգել հագուստի մաքսազերծման նոր կարգի անցումը, ըստ որի՝ հագուստն ու կոշիկն արդեն մաքսազերծվում են ոչ թե կիլոգրամով, այլ հատով։ Այդ մասին ԱԺ-ում քննարկման ժամանակ հայտարարեց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի առաջարկին:
 
Պատգամավորն առաջարկում էր նոր կարգին անցումը առկախել՝ Մելքումյանն առաջարկեց պայմանավորված համավարակի հետևանքով առաջացած ճգնաժամով, հանրության հետ գալ համաձայնության՝ որոշակի ժամանակով պահել միջանկյալ շրջանը, որի ընթացքում հագուստը դարձյալ կշարունակվի մաքսազերծվել կիլոգրամով, հետո նոր անցում կատարել նոր կարգին:
 
ՊԵԿ նախագահը, սակայն, անդրդվելի էր և պնեց, որ այս կարգի շուրջ քննարկումները վաղուց են սկսել և այն հետաձգել հնարավոր չէ։
 
«Այս անցումը նախատեսված է եղել 2020 թվականի ապրիլի 1-ից, բոլոր տնտեսավարողները տեղյակ են եղել: Հնարավոր է, որ լինեն 1-2 տոկոս տնտեսավարողներ, որոնք տեղյակ չեն եղել: Ես չեմ կարծում, որ պետական մարմինը պետք է պարտադիր հանրային համաձայնությամբ ամրագրի իր գործողությունների հետագա պատկերացումները: Եվ այդ պայմանավորվածությունը եղել է, ես նպատակահարմար չեմ համարում ժամկետի հետաձգում»,-ասաց ՊԵԿ նախագահը։
 
Նա ընդգծեց, որ այս ոլորտի տնտեսվարողների համար բոլոր հարմարությունները ստեղծվել են, զիջումներն արվել են։
 
«Եթե ծանոթանաք մեր կողմից ապրանքների կողմնորոշիչ գներին, կհամոզվեք, որ դրանից ավելի հարմար պայմաններ հնարավոր չէ ապահովել։ Այո, հասկանում եմ, որ մաքսավճարները ավելանում են, բայց մեր նպատակը ոչ թե մաքսավճարները բարձրացնելն է, այլ օրենսդրական կարգավորումների լիարժեքության ապահովումը և այդ ապրանքների նկատմամբ հետագծելիության նկատմամբ հարկային պատշաճ վարչարարության և հսկողության ապահովումը։ Այստեղ անբարեխղճություն է ստեղծվում այն տնտեսվարողների նկատմամբ, ովքեր իրենց ապրանքները ճիշտ են մաքսազերծել և վաղուց արդեն աշխատել են ավելի բարձր գներով։ Այս դեպքում մենք նաև իրենց իրավունքներն ենք պաշտպանում ու հավասար պայմաններ ենք ստեղծում նաև նրանց համար», -հայտարարեց Հովհաննիսյանը։
 
Հիշեցնենք՝ մաքսազերծման նոր կարգին անցումը դժգոհություն էր առաջացրել տարբեր երկրներից Հայաստան հագուստ ու կոշիկ ներկրողների մոտ, որոնք արդեն երկար ժամանակ է՝ բողոքի ակցիաներ են իրականացնում՝ հայտարարելով, թե 6 անգամ ավելի շատ գումար են վճարելու մաքսազերծման համար, քան մինչ այդ: Ընդառաջելով բողոքներին, ՊԵԿ-ը հայտարարեց, որ մաքսազերծման գինը կավելանա ոչ թե 6, այլ 1.5-2 անգամ:

  • Կիսվել: