կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Թալինի օրը համախմբել էր Արագածոտնի մարզի տարբեր համայնքների բնակիչներին

Թալինի օրը համախմբել էր Արագածոտնի մարզի տարբեր համայնքների բնակիչներին

Արագածոտնի մարզում թալինցիներն աչքի են ընկնում ազգային արժեքների պահպանման, տարածման, գովերգման մեծ ձգտումով և հաճախ են մարզի բնակիչներին համախմբում մշակութային տոնակատարությունների շուրջ։ Այդ միջոցառումներից մեկը Թալինի օրն է, որը, տեղացիների որոշմամբ, նշվում է յուրաքանչյուր տարվա հուլիսի 3-րդ շաբաթ օրը։

Հուլիսի 16-ին, Թալինի հանդեպ իրենց սերն ու հոգատարությունը, թալինցի լինելու հպարտությունն արտահայտելու լավագույն առիթն էր՝ Թալինի օրը, որը նշանավորվել է գունեղ միջոցառումներով։ Տեղեկացնում է Արագածոտնի մարզպետարանը։

Ներկա  են գտնվել Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, մարզպետի խորհրդական Արմեն Գրիգորրյանը, Թալին համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Տավրոս Սափեյանը, մարզի տարբեր համայնքների ներկայացուցիչներ։

Տոնակատարության օրակարգը հագեցած է եղել․ քաղաքի կենտրոնական փողոցները ողողված էին վառ գույներով՝ ձեռքի աշխատանքների ցուցադրություններ, գեղարվեստական կատարումներ․․․ամենուրեք ջերմ մթնոլորտ էր։

Միջոցառումը պաշտոնապես ազդարարվել է ժամը 17․00-ին՝ Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցված պատարագով, այնուհետև պետական այրերն այցելել են Թալինի գերեզմանատուն և գլուխ խոնարհել Արցախյան պատերազմների հերոսների շիրիմների առջև։ Հաջորդ կանգառը պատմական հին հուշարձան համարվող Կաթողիկե եկեղեցին էր, որտեղ տոնակատարության մասնակիցներն ունկնդրել են Թալինի երաժշտական դպրոցի սաների կատարումները։ Քայլերթով դեպի քաղաքի կենտրոնական հրապարակ տանող ճանապարհին մարզպետը ծանոթացել է թալինցի շնորհալի երեխաների ձեռքի աշխատանքներին։

Տոնակատարության հիմնական մասը հրապարակում էր՝ ազգային և ժամանակակից պարերի, երգերի համադրությամբ։ Հրապարակում ներկաներին ողջունել է Տավրոս Սափեյանը՝ ընդգծելով, որ թալինցու համար այս տարի Թալինի օրը նշելը սպասված էր, քանի որ վերջին տարիներին այն չի նշվել պատերազմի և համավարակի պատճառով։

Շնորհավորելով համերկրացիներին՝ համայնքի ղեկավարը հորդորել է շատ սիրել Թալինը, նպաստել նրա զարգացմանը։ Այս համատեքստում նա շնորհակալագրեր է հանձնել Թալինի զարգացման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց՝ այդ թվում՝ ճարտարապետների, տարբեր նախաձեռնությունների հեղինակների,երիտասարդների․․․
Տոնը շարունակվել է երաժշտական ուրախ նոտաներով, ազգագրական երգ ու պարով, որին միացան մասնակիցները։

Թալինի օրն ամփոփվել է 22․00-ին՝ շքեղ հրավառությամբ։

 

 

  • Կիսվել: