երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Թագուհի Թովմասյանը պարզաբանեց, թե ինչու է համաձայնել Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության կազմում մեկնել Մոսկվա

Թագուհի Թովմասյանը պարզաբանեց, թե ինչու է համաձայնել Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության կազմում մեկնել Մոսկվա

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանը Ալեն Սիմոնյանի հետ Մոսկվա մեկնելու հարցը քննարկել է իր խմբակցության ղեկավարի հետ։

Այս մասին այսօր նա հայտարարեց խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում, պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչու են «Պատիվ ունեմ» խմբակցությունից հենց Իշխան Զաքարյանը և Թագուհի Թովմասյանը Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության կազմում մեկնել Մոսկվա, հաշվի առնելով առկա կասկածները, թե վերջիններս համագործացում են իշխանության հետ։

«Պատվիրակություն կազմողը պետք է պատասխանի, թե ում՝ ինչ սկզբունքով կամ ում՝ երբ է հրավիրել, ով ինչ պատասխան է տվել։ Ես քննարկել եմ խմբակցության ղեկավարի հետ և իմ քայլերի մասով բացառապես ես եմ պատասխանատու։ Չեմ կարծում, որ որևէ այլ մեկնաբանություն այստեղ ընդհանրապես գոյության իրավունք ունի, որովհետև զարմանալի չէ, որ խորհրդարանական պատվիրակության կազմում կարող են լինել պատգամավորներ», - ասաց Թագուհի Թովմասյանը։

Ինչ վերաբերում է իշխանության հետ հարաբերությունների վերաբերյալ հարցին, պատգամավորն ասաց.

«Այո՛, ես եղել եմ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ես դուրս եմ եկել խմբակցությունից, և եթե ցանկություն ունենայի այս իշխանությունների հետ որևէ ընդհանուր բան ունենալ, կշարունակեի մնալ խմբակցությունում, որևէ կաշկանդող բան չէր լինի»։

Իշխան Զաքարյանի վերաբերյալ էլ Թագուհի Թովմասյանն ասաց, թե գեղեցիկ չէ, երբ հարցը քննարկվում է իր նրա բացակայության ժամանակ և ճիշտ կլինի, եթե լրագրողը հարցն ուղղի հենց Իշխան Զաքարյանին։

  • Կիսվել: