ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Սուրեն Պապիկյանը Միքայել Մինասյանի կողմից սուտ մատնության համար դիմելու է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին․ մամուլի խոսնակ

Սուրեն Պապիկյանը Միքայել Մինասյանի կողմից սուտ մատնության համար դիմելու է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին․ մամուլի խոսնակ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի խոսնակ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 

«Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը այսօր իր «Requiem 7. Քաղաքականություն» վերտառությամբ տեսաուղերձում անդրադարձել է նախարար Սուրեն Պապիկյանին՝ նշելով, թե իբր նախարարի վրա քրեական գործ է հարուցված՝ ինչ-որ անհայտ գործարքից 450 մլն դրամ փող վերցնելու կապակցությամբ:

Հայտնում եմ, որ նախարար Պապիկյանը Միքայել Մինասյանի կողմից սուտ մատնության համար դիմելու է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:

 

Միաժամանակ, հարկ եմ համարում տեղեկացնել, որ գլխավոր դատախազությունը հերքել է հիշատակվող պաշտոնատար անձանց, այդ թվում՝ նախարար Պապիկյանի նկատմամբ քրեական գործի առկայությունը»:
 

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել էր․

«Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը այսօր իր «Requiem 7. Քաղաքականություն» վերտառությամբ տեսաուղերձում անդրադարձել է մի շարք անձանց, այդ թվում՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի, պատգամավորներ Հակոբ Սիմիդյանի, Հրաչյա Հակոբյանի և ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի վերաբերյալ քրեական գործերին: Տեղեկացնում ենք, որ նշված անձանց վերաբերյալ քրեական գործեր հարուցված չեն, և ներկայացված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

 

Բազմիցս նշել ենք, որ քրեական գործերի հարուցումը և քրեադատավարական գործընթացները իրավական են՝ օրենքով հստակ նշված հիմքերով և ընթացակարգով, և որևէ կերպ պայմանավորված չեն կարող լինել որևէ մեկի ցանկությամբ կամ հորդորով»:

  • Կիսվել: