ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ստամբուլում Սբ․ Սոֆիայի տաճարին առնվող պատմական նմուշների ցուցադրման համար թանգարան կբացվի

Ստամբուլում Սբ․ Սոֆիայի տաճարին առնվող պատմական նմուշների ցուցադրման համար թանգարան կբացվի

Օրեր առաջ մզկիթի վերածված Սբ․ Սոֆիայի տաճարի մի շարք պատմական նշանակության իրերի ցուցադրման համար Ստամբուլում թանգարան կբացվի, գրում է Ermenihaber.am-ը։

Նշվում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրահանգով որպես թանգարանի շենք ընտրված Ստամբուլի Սուլթանահմեթ թաղամասի (Սբ․ Սոֆիայի տաճարը նույնպես գտնվում է այդ թաղամասում-խմբ․) կադաստրի շենքը հանձնվել է Տուրիզմի և մշակույթի նախարարությանը։ Այդ մասին հայտնել է Ստամբուլի մշակույթի և տուրիզմի նահանգային վարչության պետ Ջոշքուն Յըլմազը։ Վերջինս նշել է, որ թանգարանում կցուցադրվեն Սբ․ Սոֆիայի տաճարին պատկանող պատմական նմուշները։ 

Ջոշքունը տեղեկացրել է նաև, որ կադաստրի աշխատակազմը հնարավորինս արագ այլ շենք կտեղափոխվի, որից հետո իրենք կսկսեն 1910-ին կառուցված այդ շենքում Սբ․ Սոֆիայի իրերի թանգարան հիմնելու աշխատանքները։

Հիշեցնենք, որ մոտ 5 դար որպես Բյուզանդաիայի գլխավոր քրիստոնեական տաճար ծառայած, ապա Կոստանդնուպոլսի գրավումից հետո (1453թ) մզկիթի վերածված, իսկ 1934թ․-ից Աթաթուրքի նախաձեռնությամբ որպես թանգարան գործող Սբ․Սոֆիայի տաճարն օրեր առաջ Թուրքիայի Պետ խորհրդի, ապա նաև նախագահ Էրդողանի որոշմամբ վերածվեց մզկիթի։ Հուլիսի 24-ին Թուրքիայի նախագահի և մյուս բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ տեղի ունեցած ուրբաթօրյա աղոթքով (նամազ) Սբ․ Սոֆիայի տաճարը կրկին որպես մզկիթ բացվեց մուսուլմանների համար։

  • Կիսվել: