ՌԴ ՆԳՆ-ն առաջարկում է փոխել ԱՊՀ երկրներից վարորդների՝ ՌԴ-ում գտնվելու ժամկետը
Ռուսաստանի ՆԳՆ-ն առաջարկում է դադարեցնել ԱՊՀ երկրների և Վրաստանի պրոֆեսիոնալ վարորդների համար Ռուսաստանում մինչև 180 օր մնալու արտոնյալ ժամկետի կիրառումը, եթե այդ երկրները որոշում կայացնեն անդամակցել Եվրամիությանը։
Համապատասխան նախագիծը հրապարակվել է Ռուսաստանի նորմատիվ իրավական ակտերի նախագծերի պաշտոնական պորտալում։
Փոփոխությունը վերաբերում է այն վարորդներին, որոնք միջազգային ավտոմոբիլային փոխադրումներ են իրականացնում և առանց վիզայի մուտք են գործում Ռուսաստան։ Նախագծի ընդունման դեպքում նրանք կկարողանան Ռուսաստանում գտնվել տարեկան ոչ ավելի, քան 90 օր։
ՌԴ ՆԳՆ-ի պարզաբանմամբ՝ փոփոխությունները կվերաբերեն ԱՊՀ անդամ երկրներին և Վրաստանին այն դեպքում, եթե նրանք որոշում կայացնեն ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ։
Ռուսաստանի ՆԳՆ-ն կարծում է, որ այդ երկրների կողմից ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելը չի համապատասխանում Միութենական պետության և Եվրասիական տնտեսական միության նպատակներին և կարող է սպառնալիք ստեղծել Ռուսաստանի ազգային անվտանգության համար։



