ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
«Սպառնալիք չէ Հայաստանի տարածքային ամբողջականությանը». Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է Ալիևի՝ Զանգեզուրի վերաբերյալ հայտարարությանը

«Սպառնալիք չէ Հայաստանի տարածքային ամբողջականությանը». Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է Ալիևի՝ Զանգեզուրի վերաբերյալ հայտարարությանը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան մեկնաբանել է երկրի նախագահ Իլհամ Ալիևի երեկվա հնչեցրած հայտարարությունը Զանգեզուրի վերաբերյալ, ինչպես նաև անդրադարձել է ՀՀ ԱԳՆ վերջին հայտարարությանը, գրում է haqqin.az-ը:

Նա նշել է՝ Ադրբեջանի նախագահն ապրիլի 20-ին տված հարցազրույցում խոսել է «Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի ռևանշիզմի և նրա տարածքային ամբողջականությանը հնարավոր սպառնալիքի մասին»:

Աբդուլաևան հիշեցրել է Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, ըստ որի՝ «եթե իրենք հայտնաբերեն հնարավոր սպառնալիք, ապա անմիջապես կոչնչացնեն այն ... քանի որ դա ազգային պաշտպանություն է, ազգային անվտանգության խնդիր»:

Աբդուլաևան շեշտել է, որ «Ալիևի ասածը սպառնալիք չէ Հայաստանի տարածքային ամբողջականությանը, ինչպես պնդում է ՀՀ ԱԳՆ-ն, այլ, ընդհակառակը, միջազգայնորեն ճանաչված սահմաններում Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը սպառնացող ցանկացած վտանգին արձագանքելու վճռականության ցուցիչ է»:

Նա նշել է նաև, որ իր հարցազրույցում պետության ղեկավարն ընդգծել է, որ Ադրբեջանը պատրաստ է համագործակցության:

«Ալիևը շեշտել է, որ չնայած Հայաստանի կողմից պետական մակարդակով ադրբեջանցիների նկատմամբ իրականացված ցեղասպանությանը, մեր պատմական, մշակութային, կրոնական հուշարձանների ոչնչացմանը, անհրաժեշտ է նայել ապագային»,- մանրամասնել է Աբդուլաևան:
Ամփոփելով իր խոսքը դիվանագիտական ներկայացուցիչը հաստատել է, որ Ադրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ միջազգային իրավունքի սկզբունքների, մասնավորապես՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության հիման վրա: 

«Հենց դրան է ուղղված 2020 թվականի նոյեմբերի 10-ին և 2021 թվականի հունվարի 11-ին ստորագրված եռակողմ հռչակագրերի իրականացումը»,- ասել է Աբդուլաևան: 

Նշենք, որ Ալիևի հայտարարություններին անդադարձել է ՀՀ ԱԳՆ-ն՝ շեշտելով, որ Հայաստանը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ իր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար: 

  • Կիսվել: