երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Սոթքի ոսկու հանքի շուրջ 300 աշխատակից մնացել է անգործ. Թագուհի Թովմասյան

Սոթքի ոսկու հանքի շուրջ 300 աշխատակից մնացել է անգործ. Թագուհի Թովմասյան

Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանն այսօր՝ մարտի 19-ին, իր ելույթից առաջ դիմեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին:

«Պարոն Քոչարյան, մյուս անգամ, երբ ես ելույթ ունենամ լավ կլինի, որ որևէ առիթով չփորձեք խոչընդոտել կամ տեղից ռեպլիկներ անել, երբ որ ես խոսում եմ»,-ասաց Թագուհի Թովմասյանը:

Նա նաև անդրադարձավ Սոթքի ոսկու հանքի աշխատակիցների կրճատմանը. 

«Խոսքը մոտ 300 աշխատակիցների մասին է, որոնք ըստ էության մնացել են անգործ։ Եվ Վարդենիսի ու հարակից շրջանների բնակիչների կենսաապահովության և նրանց տարրական կենցաղային հարցերի վրա մեծապես ազդեցություն է ունենում այդ գործոնը։ Որևէ երաշխիք չկա, որ այդ 300-ը չի ավելանա։ Իսկ այնտեղ աշխատում էին մոտ 900 աշխատակիցներ։ Մարդիկ վերցրել են վարկեր, ունեն պարտավորություններ, պլաններ, որոնք ամենևին չէին տեղավորվում այսօրվա սցենարի մեջ։ Հիմա մարդիկ մնացել են ուղղակի անգործ։ Անցած անգամվա իմ բարձրաձայնումից հետո ես որևէ արձագանք չեմ ստացել։ Կարծում եմ՝ որքան էլ մենք գնում ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների տրամադրություններով և համարում ենք, որ էլ անելիք չունենք, ոչ, այդպես չէ, պետությունն ու կառավարությունն ուղղակի պարտավոր են հատկապես սահմանամերձ շրջանների բնակիչների մասով երաշխիքներ տալ։ Մարդիկ պետք է հասկանան՝ իրենք որ ապրում են Վարդենիսում և հարակից շրջաններում, եթե գործազրուկ են մնացել, ով պիտի պատասխան տա և ով պիտի երաշխավորի նրանց կյանքի իրավունքը։ Եվ ինչպես պիտի իրենց կենցաղային, սոցիալական կարիքները հոգան, եթե շարունակում են անգործ մնալ»,- ասաց պատգամավորը։

Պատգամավորի խոսքով՝ Սոթի ոսկու հանքում աշխատել են շուրջ 900 հոգի:

 

  • Կիսվել: