Սոչիում ավարտվել են Պուտին-Փաշինյան-Ալիև բանակցությունները. Պեսկով
Սոչիում ավարտվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ բանակցությունները, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Նշվում է, որ բանակցությունները տևել են երեք ժամ: Կողմերը քննարկել են ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակը և դրա կարգավորման ուղիները, ինչպես նաև գնահատել, թե ինչ է արվել վերջին մեկ տարվա ընթացքում դրա կայունացման ուղղությամբ։
Պուտինը հանդիպման բացմանը հայտնել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ եռակողմ բանակցությունների նպատակը Լեռնային Ղարաբաղի վերածննդի համար պայմաններ ստեղծելն է։
Նա ասել էր. ՛՛Ինձ թվում է, որ դա իրականում մեր բոլոր ջանքերի նպատակն է պայմաններ ստեղծել տարածաշրջանի վերածննդի համար, որպեսզի մարդիկ այնտեղ իրենց ապահով զգան և նորմալ տնտեսական գործունեությամբ զբաղվեն, զարգացնեն տնտեսությունը՛՛::
ՌԴ նախագահը հավելել էր, որ Ռուսաստանը, Հայաստանը և Ադրբեջանը, հանուն ընդհանուր շահերի, պետք է ձգտեն ամրապնդել կապերը երկրների միջև, քանի որ դարեր շարունակ միասին են եղել՝ որպես մեկ պետության մաս, ունեն շատ խորը պատմական կապեր՛՛: ՛՛Մենք չէինք ցանկանա, որ դրանք փլուզվեն: Ընդհակառակը, մենք պետք է ձգտենք վերականգնել դրանք և պահպանել ապագայում՛՛,-նշել է Պուտինը: