ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Սկանդալ և քծնանք. ինչպես անցավ նախագահի պաշտոնավարման մեկ տարին․ «Ժողովուրդ»

Սկանդալ և քծնանք. ինչպես անցավ նախագահի պաշտոնավարման մեկ տարին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 2022 թվականի մարտի 3-ին 71 կողմ ձայներով Վահագն Խաչատուրյանն ընտրվեց Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում: Փաստորեն, երեկ լրացավ Վահագն Խաչատուրյանի՝ նախագահի պաշտոնում պաշտոնավարման 1 տարին, սակայն այս մեկ տարվա ընթացքում դժվար է անգամ մատների վրա հաշվել, թե ինչ հանրօգուտ աշխատանք է կատարել Վահագն Խաչատուրյանը:

Նրա պաշտոնավարման մեկնարկից հետո Հայաստանը կրկին դժվարություններ է ունեցել՝ սեպտեմբերյան ագրեսիա, Լաչինի միջանցքի փակում եւ այլն, սակայն այդ իրադարձությունների ժամանակ, որպես երկրի նախագահ, նրա աշխատանքի արդյունքը չի զգացվել: Միակ բանը, որով թերեւս կարող ենք հիշել Վահագն Խաչատուրյանի պաշտոնավարման մեկ տարին, սկանդալն էր, որում նա հայտնվեց նախորդ տարվա սեպտեմբերին:

Խոսքը դրվագի մասին է, երբ Խաչատուրյանը Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի դագաղի մոտ լուսանկարվել էր, մի վայրում, որտեղ լուսանկարվելն արգելված է։ Հոդվածներում նշվում էր, որ նա ոչ միայն լուսանկարվել է, այլեւ բարձր շատախոսել է՝ առաջացնելով ներկաների զարմանքը։ Իհարկե, մյուս կարեւոր գործունեությունն էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանին քծնելու մեջ է:

Միայն այս տարվա փետրվարի 10-ին, երբ նրանք հանդիպել են, նախագահի լրատվության վարչության ուղարկած հայտարարության մեջ ութ անգամ Խաչատուրյանը շնորհակալություն էր հայտնում Փաշինյանին: Ահա թե ինչպես ենք ամփոփում Վահագն Խաչատուրյանի պաշտոնավարման մեկ տարին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: