կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Շվեդիայի Եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոս Միքայել Մոգրենը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Շվեդիայի Եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոս Միքայել Մոգրենը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Շվեդիայի Եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոս Միքայել Մոգրենը մայիսի 7-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Մասյացոտն թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև: Էդիտա Գզոյանն անդրադարձավ նաև Արցախի հիմնահարցի պատմաիրավական ասպեկտներին, ներկայացրեց Ադրբեջանի հակահայկական գործողություններն ու քարոզչությունը:

 

Եպիսկոպոս Միքայել Մոգրենը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Էդիտա Գզոյանը հյուրերին ուղեկցեց Հուշապատի մոտ, որի հետնամասում հատուկ խորշերի մեջ ամփոփված են 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին թուրքական կառավարության իրագործած հայերի զանգվածային կոտորածների և ցեղասպանության դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացրած օտարազգի մի շարք հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների և միսիոներների գերեզմաններից վերցված հողով լի փոքր սափորները: Հյուրերն առանձնակի ուշադրությամբ լսեցին շվեդ միսիոներուհի Ալմա Յոհանսոնի հայանպաստ գործունեության մասին:

Եպիսկոպոս Միքայել Մոգրենը Հիշողության պուրակում տնկեց արծաթափայլ եղևնի և Հայոց ցեղասպանության սրբադասված զոհերի հիշատակին աղոթք կարդաց:

  • Կիսվել: