երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Շատերը գիտեն՝ ինչպես է Սպարապետը վերաբերվել Նիկոլ Փաշինյանին․ Հայկ Մամիջանյան

Շատերը գիտեն՝ ինչպես է Սպարապետը վերաբերվել Նիկոլ Փաշինյանին․ Հայկ Մամիջանյան

Փաշինյանն ու իր քարոզչամեքենան, երբ փորձում են իրենց գաղափարների եւ սպարապետ Վազգեն Սարգսյանի գաղափարների միջեւ զուգահեռներ տանել, կամ երբեմն փորձում ներկայանալ իբրեւ սպարապետի հիշատակի պաշտպան, դա ոչ թե սրբապղծություն է, դա սրբապղծությունից անդին է: Այս մասին, այսօր «Եռաբլուրում» լրագրողների հետ զրույցում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

«Շատերը գիտեն, թե ով էր Փաշինյանը, թե ինչպես էր սպարապետը վերաբերվում Փաշինյանին։ Փաշինյանը պետք է լավ հիշի, թե հայոց փառապանծ  բանակի հասցեին զրպարտություններ հրապարակելու համար ինչ որակումների էր արժանացել Վազգեն Սարգսյանից: Պիտի լավ հիշի, թե իր տարբեր թերթոններում ինչ կեղծ էր թափում հերոսների, մասնավորապես Սպարապետի վրա: Ամեն անգամ զարմանում եմ, թե ինչքան կարելի է քաղաքականության խաթր զզվելի արշավներ անել»,-ասաց նա:

Խոսելով Արցախի խնդրից՝ Մամիջանյանը կրկին նշեց, որ Արցախը չի հանձնել Սամվել Շահրամանյանը, այն հանձնել է Նիկոլ Փաշինյանը պրահյան հայտարարության արդյունքում։

«Եթե ՀՀԿ-ն ունակ լիներ միայնակ հեռացնել Փաշինյանին, մենք դա վաղուց արած կլինեինք շատ վաղուց: Ցավոք, միայնակ մենք դա անել չենք կարող: Այստեղ ընդդիմության հարցը չէ, արդեն հայրենասերների հարցն է: Հայրենասերները հիմա հուսահատության, հուսալքության մեջ են, բայց արդարությունը պահանջում է, որ Փաշինյանն ու իր խմբակն իրենց դատաստանը ստանան և իրենք դա ստանալու են։ Ես դա խոստանում եմ, բայց չեմ կարող ժամանակ նշել»,- ասաց  ընդդիմադիր պատգամավորը։

Հարցին՝ «հոկտեմբերի 27»-ի առանձնացված մասի վերաբացումն ի՞նչ նպատակ ունի՝  հանրության ուշադրությունը շեղելու համար է, թե՞ կարող է ինչ-որ իրադաձությունների վրա լույս սփռել, Հ.Մամիջանյանը պատասխանեց. «Այս իշխանությունները ունակ են ցանկացած ոճրագործություն, արհավիրք, ցանկացած ծանր, դառը, ցավոտ իրադարձություն փորձեն օգտագործել իրենց կեղտոտ խաղերի համար։ Իրենք երբեք ոչ մի դեպքում հետաքրքրված չեն արդարադատության, իրականության, որևէ ճշմարտ բան բացահայտելու մեջ։ Իրենց դա չի հետաքրքրում, այլ հետաքրքրում է իրենց իշխանությունը, աթոռը պահելը, մի քանի հայի ավելի շատ խաբելը, որպես արդյունք մեր երկրի համար ավելի մեծ վտանգ ստեղծելը։Ես այս հարցում իրենցից որևէ ակնկալիք չունեմ»։

  • Կիսվել: