շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Շատ կառուցողական զրույց ենք ունեցել Փաշինյանի հետ․ Էրդողան

Շատ կառուցողական զրույց ենք ունեցել Փաշինյանի հետ․ Էրդողան

Աշխարհում հնարավոր չէ խաղաղություն հաստատել խաղաղության մասին ելույթներով։ Ակնհայտ է, որ առանց մարտի դաշտում ուժեղ լինելու դժվար է բանակցային սեղանի շուրջ ձեռքբերումներ ունենալ: Այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ հավելելով, թե իբր  միջազգային հանրությունը էական քայլ չի արել Հայաստանի մոտ 30 տարի տևած «օկուպացիոն» (չակերտները՝ խմբ) քաղաքականության դեմ։

Էրդողանի խոսքով՝ 44-օրյա պատերազմում Արդբեջանի հաղթանակից հետո «օկուպացիան» (չակերտները՝ խմբ) ավարտվել է, գրում է posta.com.tr կայքը:

«Մենք քրտնաջան աշխատում ենք, որպեսզի պատմական հնարավորությունը չկորցնենք: Մենք զգալի առաջընթաց ենք գրանցել Կովկասում «կայուն խաղաղության» (չակերտները՝ խմբ) ուղղությամբ։ Մենք շատ կառուցողական զրույց ենք ունեցել Փաշինյանի հետ: Ես հավատում եմ, որ մեր տարածաշրջանը կարճ ժամանակում կկայունանա, եթե Հայաստանը արձագանքի կոչերին», - ասել է Էրդողանը։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետը հուլիսին հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ։ Սա շուրջ 30 տարի դիվանագիտական հարաբերություններ չունեցող ու փակ սահմաններով ապրող երկու երկրների ղեկավարների առաջին հեռախոսազրույցն էր:

Երկու երկրների ղեկավարներն ընդգծել էին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի կարևորությունը, ինչը կնպաստի նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը, շնորհավորել միմյանց Կուրբան Բայրամի և Վարդավառի տոների առթիվ:

  • Կիսվել: