ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Շարունակելու ենք լսել բոլոր կարծիքները․ Գրիգորյանը՝ ռազմական դրության ժամանակ համացանցն արգելափակելու նախագծի մասին

Շարունակելու ենք լսել բոլոր կարծիքները․ Գրիգորյանը՝ ռազմական դրության ժամանակ համացանցն արգելափակելու նախագծի մասին

«Տեղեկատվական անվտանգության ոլորտում մենք փորձ ունենք՝ նկատի ունեմ 44-օրյա պատերազմը, որը նաև մեզ այս ուղղությամբ մտածելու տեղիք տվեց: Քանի որ օրենքը վերջնական չի, մենք լսում ենք քննարկումները, մենք ուզում ենք բաց պահել դուռը, մենք շարունակելու ենք լսել հարցի շուրջ մտահոգ  բոլոր մարդկանց կարծիքները և դա հաշվի առնելով բարելավելու ենք»,-լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ռազմական դրության ժամանակ համացանցի սահմանափակման մասին նախագծին՝ ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Ըստ Գրիգորյանի՝ միանգամից ամբողջական սահմանափակման չեն գնա. «Մենք չենք ուզում, որ պետությունը միանգամից հասնի այդ սահմանափակումներին, մենք ուզում ենք կրթության, գիտելիքի մեջ ներդրում կատարել։ Օրինակ՝ մեր խնդիրներից մեկն այն է եղել, որ քաղաքացիները սոցիալական հարթակներն օգտագործում են՝ ռազմական գաղտնիք հրապարակելով: Այս հարցը լուծելու ինստիտուցիոնալ մեխանիզմ կա, օրինակ՝ ֆեյսբուքը սահմանափակել, կա ձև ինտերնետը սահմանափակելու կամ ինտերնետը անջատելու:Այս բոլոր գործիքները չպետք է միանգամից օգտագործել, սկզբից պետք է կրթության վրա ներդրում կատարել, այնուհետև, փորձել ինստիտուցիոնալ մեխանիզմներ ստեղծել, եթե դրանք չեն աշխատում, նոր կիրառել այս գործիքակազմը»:

  • Կիսվել: