ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Շահումյան և հարակից գյուղերի բնակիչները փակել են Երևան-Երասխ ճանապարհը․ խաղողի մթերման գինը ցածր է (ուղիղ)

Շահումյան և հարակից գյուղերի բնակիչները փակել են Երևան-Երասխ ճանապարհը․ խաղողի մթերման գինը ցածր է (ուղիղ)

Արարատի մարզի Շահումյան և հարակից գյուղերի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում՝ դժգոհելով խաղողի մթերման գներից։  Նրանք փակել են Երևան-Երասխ ավտոճանապարհը, պահանջում են իրենց խնդրին լուծում տալ։

«Անցած տարի 150 դրամով են մթերել, այս տարի մթերում են 100 դրամով։ 100 դրամ ինքնարժեքն է։ Ինչո՞վ պահենք մեր երեխաներին։ Վարչապե՞տն է բերելու, պահելու մեր ընտանիքներին։ Մեր վարչապետը ոչ մի բան չի անում մեր համար։ Ասում են շատ է, չենք կարող մթերել», — ասաց գյուղացիներից մեկը։

Գյուղացիներն ասում են, որ վարկ են վերցրել, մշակել, հիմա կանգնել են փաստի առաջ, քանի որ գործարանները հրաժարվում են մթերել խաղողը։

Հարցին, թե խնդրի վերաբերյալ խոսե՞լ են մարզպետի հետ, գյուղացին պատասխանեց.

«Մարզպետն ով ա, որ էդ հարցը լուծի։ Մի ամիս առաջ հանդիպել է հարևան գյուղի բնակիչներին, մարդկանց խաբել ա։ Էս մարզում հարց լուծող չկա»։

Բնակիչներից մեկը շեշտեց, որ քանի գնում է, իրենց վարկերը ծանրաբեռնվում են, իսկ խաղողի գինն ով, ինչպես ուզում որոշում է, Կառավարություն չկա: «Ասում են՝ Կառավարությունն է որոշել, Կառավարությունն ինչի պետք է որոշի ժողովրդի տեղը: Թող գան, մեր հարսերին պատասխանեն, մենք ճանապարհը փակում ենք»:

Ոստիկանները ակցիայի մասնակիցներին հորդորեցին, որ անվտանգ գոտում կանգնեն: 

  • Կիսվել: