երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Սերժ Սարգսյանի կառավարման տարիները հակաղարաբաղյան էր` որեւէ խոշոր ներդրում Արցախում չարվեց․ Հրաչյա Հակոբյան

Սերժ Սարգսյանի կառավարման տարիները հակաղարաբաղյան էր` որեւէ խոշոր ներդրում Արցախում չարվեց․ Հրաչյա Հակոբյան

Կարող եմ ասել, որ իր կառավարման տարիները հակաղարաբաղյան կառավարում էր, որովհետեւ այդ տարիների ընթացքում որեւէ լուրջ, խոշոր ներդրում Արցախում տեղի չունեցավ, ինչո՞ւ չարվեց դա։ Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանն՝ անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգյսնաի հայտարարությանը, թե այն, ինչ տեղի ունեցավ 2018-ի գարնանը, իր էությամբ հակաղարաբաղյան շարժում էր:

«Երբ որ ասում է՝ հակաղարաբաղյան շարժում էր, պետք է դրան ինչ-որ ապացույցներ լինեն»,-նշեց պատգամավորը։

Լրագրողի հարցին, թե ինչպես կմեկնաբանի այն, որ Սերժ Սարգսյանը հարցազրույցում չի բացառել, որ Իլհամ Ալիեւը յոթ շրջանները վերադարձնելու դիմաց հինգ միլիարդ դոլարի առաջարկ է արել վարչապետ Փաշինյանին, իշխող ուժի պատգամավորն ասաց, թե որեւէ տեղեկություն չունի այս կամ այն գումարի եւ նման առաջարկության մասին։

Դիտարկմանը, թե իրենց իշխանության ժամանակ շատ ավելի տարածքներ հանձնվեցին Ադրբեջանին, Հրաչյա Հակոբյաննն ասաց․

«Իսկ ի՞նչ պետք է արվեր, գնայի՞նք այդ բանակցությունների ճանապարհով, որով գնացել էր Սերժ Սարգսյանը։ Իհարկե, մեր իշխանությունը  վատ ժառանգություն է ստացել։ Եթե բանակցությունները այդ ճանապարհով էին գնում, այդ դեպքում ինչո՞ւ ժողովրդին չէին պատրաստում դրան, ինչո՞ւ էին, օրինակ, գնում, բանակցում, որ պետք է էդ 7 շրջանները վերադարձվեն, եւ գալիս այստեղ ասում էին, որ ոչ մի թիզ թշնամուն։ Պետք էր ուղղակի, եթե այդպիսի գործընթաց էր տեղի ունենում, համահունչ տրամադրություն ստեղծել հանրության մոտ»,- հավելեց նա։ 

  • Կիսվել: