չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Սամանտա Փաուերը ՀՀ–ից կմեկնի Բաքու` նաև տեղում քայլեր ձեռնարկելու համար. ԱԳ փոխնախարար

Սամանտա Փաուերը ՀՀ–ից կմեկնի Բաքու` նաև տեղում քայլեր ձեռնարկելու համար. ԱԳ փոխնախարար

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանտա Փաուերի այցի հիմնական նպատակը Սյունիք հումանիտար օգնությունն է, փորձ՝ այս իրավիճակի լուծումները գտնել տեղում։ Լրագրողների հետ զրույցում ասաց Գորիսում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։
 
«Տիկին Փաուերը ՀՀ–ից պետք է մեկնի Ադրբեջան և փորձի հնարավորինս անել տեղում` իհարկե, լրացուցիչ օգնություն ՀՀ–ին ցուցաբերելու առումով։ Նա նաև իր աչքերով է ուզում տեսնել, թե ինչ է կատարվում ու զեկուցի ԱՄՆ նախագահին»,– նշեց Հովհաննիսյանը։
Ըստ ՀՀ փոխարտգործնախարարի` միջազգային արձագանքն այս օրրեին արդեն փոխվել է, և արդեն կան շատ հասցեական հայտարարություններ, որոնք, սակայն, այս իրավիճակում դեռ բավարար չեն։
 
«Կարծես` ոչ ոք իլյուզիա էլ չունի կատարվածի վերաբերյալ»,– նշեց նա։
Ո՞րն է դիվանագիտական ոլորտում լուծումն այս ամենի հարցին` Հովհաննիսյանն ասաց, որ պետք է հրավիրել միջազգային հանրության ուշադրությունը, և Սամանտա Փաուերի այս այցը դրա վկայությունն է։
 
«Վստահ եմ` սա վերջին այցը չի լինի. կունենանք այլ գործընկերներ, որոնք կգան ՀՀ` նույն նպատակներով, ինչ տիկին Փաուերը։ Մեր բոլոր ջանքերն ուղղված են հենց դրան, թե միջազգային կառույցների, թե գործընկեր բոլոր երկրների հետ մեր աշխատանքներում»,– վստահեցրեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը։
 
Ինչ վերաբերում է մինչև տարեվերջ նախատեսվող հայ–ադրբեջանական համաձայնագրի ստորագրմանը, ապա Հովհաննիսյանը նշեց, որ այս պահին վաղաժամ է խոսել այդ մասին. ամեն ինչ կախված է նաև այս իրավիճակից։ Նա միայն ավելացրեց, որ հայկական կողմի ջանքերը, համենայնդեպս, հնարավոր խաղաղության հաստատման առումով մնում են անփոփոխ։

  • Կիսվել: