ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Սահմանվել են Հակակոռուպցիոն և Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր նշանակվելու ավելի խիստ սահմանափակումներ․ Բադասյան

Սահմանվել են Հակակոռուպցիոն և Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր նշանակվելու ավելի խիստ սահմանափակումներ․ Բադասյան

Խորհրդարանը քննարկում է «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ նախատեսվում է Հակակոռուպցիոն և Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանների ստեղծում:

«Սա հերթական քայլն է, որը բխում է հակակոռուպցիոն բարեփոխումների ռազմավարությունից, և որի արդյունքում հուսով ենք, որ կապահովվի կոռուպցիոն բնույթի գործերով մասնագիտացված դատական գործերի քննությունը՝ նպաստելով կոռուպցիայի դեմ իրականացվող պայքարի արդյունավետության աստիճանի բարձրացմանը»,- տեղեկացրեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Միաժամանակ, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացում ևս մասնագիտացվածությունն ապահովելու նպատակով առաջարկվում է ստեղծել մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան՝ առնվազն 25 դատավորի թվակազմով: Նախատեսվում է, որ 20 դատավոր կքննի կոռուպցիոն բնույթի հանցագործությունները, իսկ 5 դատավոր կունենա մասնագիտացում՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման քաղաքացիական հայցեր քննելու:

 

«Նախագծով առաջարկվում է նաև ստեղծել մասնագիտացված հակակոռուպցիոն վերաքննիչ դատարան՝ առնվազն 10 դատավորի թվակազմով: Ըստ առաջարկվող փոփոխությունների՝ նաև Վճռաբեկ դատարանի քրեական պալատում որոշակի հաստիքների ավելացում է նախատեսվում»,- նշեց նախարարը:

Սահմանվել են նաև Հակակոռուպցիոն և Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր նշանակվելու ավելի խիստ սահմանափակումներ: Մասնավորապես, սահմանափակումներ են նախատեսվել դատավորի, նախկին դատավորի, դատախազի, նախկին դատախազի, քննիչի, նախկին քննիչի, հետաքննիչի, օպերլիազորի, փաստաբանի և նախկին փաստաբանի համար, եթե վերջիններս վերջին 5 տարվա ընթացքում ստացել են նախագծով ներառված կարգապահական տույժերից մեկը՝ անկախ դրանք հանված կամ մարված լինելու հանգամանքից:

  • Կիսվել: