ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Սա ձեր կառավարությունն է, դուռը բացեք, մտեք ներս. ԲՀԿ պատգամավորները հանդիպեցին կառավարության դիմաց ակցիաներ իրականացնողներին

Սա ձեր կառավարությունն է, դուռը բացեք, մտեք ներս. ԲՀԿ պատգամավորները հանդիպեցին կառավարության դիմաց ակցիաներ իրականացնողներին

Կառավարության դիմաց բողոքի ակցիաներ իրականացնող քաղաքացիների հետ հանդիպման եկան ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանը և Արման Աբովյանը: Նրանք նշեցին, թե ծանոթ են քաղաքացիների ներկայացրած խնդիրներն և իրենց հնարավորության սահմաններում անելու են ամեն ինչ՝ դրանց լուծում տալու համար, գրում է Tert.am-ը։

«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը բազմաթիվ անգամներ ամենատարբեր ամբիոններից բարձրաձայնել է և քաղաքական խորհրդի նիստի ժամանակահատվածում այս խնդիրների մասին խոսել է: Եթե խնդիրների մասին չեն լսում, ականջալուր չեն լինում, դրանք ոչ միայն չեն լուծվում, այլև դառնում են լրջագույն մարտահրավեր: Լուծումների հետ կապված Գագիկ Ծառուկյանն իր ու մեր քաղաքական թիմի տեսլականը ներկայացրեց, խնդիրներին ականջալուր չեղան, և այսօր տեսնում ենք՝ ինչպիսի իրավիճակ և մթնոլորտ է»,-հայտարարեց Էնֆիաջյանը՝ ընդգծելով, թե ծանոթ են քաղաքացիների դժգոհությանը, որ պատկան մարմիններից որևէ մեկի ներկայացուցիչը նրանց հետ չի հանդիպել:

«ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիները դարձել են գործազրկության, վարկերի, պատքերի, անորոշության սպառող: Այդ խնդրի հետ կապվախ որևէ պատկան մարմնի ներկայացուցիչ որևէ հստակ պատասխան չի ասում: Պարզ չէ՝ ինչ ճակատագիր է սպասվում»,-ասաց նա, ապա անդրադարձավ քաղաքացիների բարձրաձայնած այն խնդրին, որ եթե բանակցություններ կայանային, ՌԴ-ն ՀՀ քաղաքացիներին թույլ կտար իր տարածք մուտք գործել.

«Սա ձեր կառավարությունն է, դուռը բացեք, մտեք ներս, սա բոլորիս կառավարությունն է»,-ասաց նա՝ հավելելով, որ իրենք խորհրդարանականներ են, ու լիազորություններ կան, որ ոչ թե իրենց, այլ կառավարության տիրույթում են:

Հարցին՝ քաղաքացիների պահանջը, թե բանակցության արդյունքում սահմանները կբացվեն, իրատեսակա՞ն է, պատգամավոր Արման Աբովյանն արձագանքեց, թե ոչ մի դեպքում չլուծվող խնդիր չկա. «Յուրաքանչյուր խնդրի պետք է որոշակի ընթացք տրվի, տարբեր եղանակներ կան: Չկա նման բան, թե ինչ-ինչ պատճառներով խնդիրը չի ստացվում լուծել»,-ասաց նա՝ հավելելով, թե պաշտոնական հարցում է ուղարկել Կառավարություն՝ հասկանալու համար, թե բանակցություններն ինչ փուլում են:

Անդրադառնալով հագուստ և կոշիկ ներկրող տնտեսվարողների՝ մաքսային վճարների բարձրացման վերաբերյալ բողոքին՝ Աբովյանն ասաց. «Յուրաքանչյուր գործընթացի դեպքում, որը բերում է սոցիալական իրավիճակի վատթարացմանը, անպայման պետք է դուրս գալ և փորձել գտնել ընդհանուր ելքեր»:

Ինչ վերաբերում է վարկային արձակուրդին, Էնֆիաջյանն ասաց, որ դեռևս սեպտեմբերի 5-ին Գագիկ Ծառուկյանը մատնանշել է, որ ՀՀ-ում տնտեսական ու սոցիալական վատթարացող տեմպեր են արձանագրվում, և այս խնդիրների մասին պետք է ոչ միայն բարձրաձայնել, այլև կոնկրետ լուծումներ առաջարկել:

Էնֆիաջյանը նշեց, թե առաջիկա չորեքշաբթի օրը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանն է, որի ընթացքում պատրաստ են բարձրաձայնել քաղաքացիների պահանջները.

«Եթե մինչև չորեքշաբթի օրը որևէ ողջամիտ առաջարկություն չեղավ, ԱԺ նիստի ժամանակ հրապարակավ հարցապնդումով հանդես ենք գալու, որ կառավարությունը ներկայացնի ստեղծված իրավիճակի լուծման՝ իր տարբերակը»,-ասաց ԱԺ փոխխոսնակը:

  • Կիսվել: