կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Սա չի նշանակում, թե ՀՀ-ն հրաժարվում է իր առանցքային շահերից. Աղաջանյանը՝ Թուրքիայի հետ երկխոսություն սկսելու մասին

Սա չի նշանակում, թե ՀՀ-ն հրաժարվում է իր առանցքային շահերից. Աղաջանյանը՝ Թուրքիայի հետ երկխոսություն սկսելու մասին

Հայաստանը, Թուրքիայի հետ երկխոսություն սկսելով` չի հրաժարվում իր առանցքային, պետական շահերից, հարաբերությունների հաստատումը չի կարող ուղեկցվել որևէ նախապայմանով:

Այս մասին վստահեցրեց ՀՀ ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ անդամ Էդուարդ Աղաջանյանը:

«Թուրքիայի հետ հարաբերությունների կոնտեքստում Հայաստանի դիրքորոշումը մշտապես եղել է այն, որ մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ հարաբերությունների սկիզբը դնելու առանց որևէ նախապայմանի թե ՀՀ-ի կողմից և թե հակառակը»,- ասաց Աղաջանյանը:

Նա վստահեցրեց, որ հայկական կողմը որևէ բանից չի հրաժարվում, խոսքը Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների, դիվանագիտական հարաբերություններ սկիզբ դնելու մասին է: «Սա որևէ կերպ չի նշանակում, որ Հայաստանը հրաժարավում է իր առանցքային և պետական շահերից: Ընդհակառակը՝ մենք համոզված ենք, որ տարբեր պատճառներով Հայաստանի պետական շահերից է բխում Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելը»,- ասաց պատգամավորը:

Նա վստահ է, որ այդ հարաբերությունների հաստատումից թե Հայաստանը, թե Թուրքիան կշահեն: Իսկ ինչ վերաբերում է առանց նախապայմանների հարաբերություններ սկիզբ դնելուն, ապա Թուրքիայի հետ հարաբերությունները վերջին 30 տարիներին եղել են բարդ, այդ գործընթացը մշտապես «վիժեցվել է» հենց Թուրքիայի կողմից, և Թուրքիան է, Արցախի հիմնախնդրով պայմանավորված, մշտապես նախապայման դրել Հայաստանի առջև՝ որևէ հարաբերություն հաստատելու տեսանկյունից: «Այս համատեքստում տրամաբանական է, երբ ՀՀ-ն առաջ է քաշում այն թեզը, որ այդ հարաբերությունների սկիզբը պետք է լինի առանց որևէ նախապայմանի»,- ասաց Աղաջանյանը:

Իսկ թե ով է լինելու Հայաստանի և Թուրքիայի երկխոսության համար Հայաստանի հատուկ ներկայացուցիչը, դեռ որոշված չէ:

«Հայաստանն ունի կոնկրետ աշխարհագրական դիրք, հարևաններ, որոնցից չի կարող խուսափել, ինչպես նաև մեր հարևանները չեն կարող խուսափել մեր առկայությունից տվյալ տարածաշրջանում: Հետևաբար, այլընտրանք, քան հարևան պետությունների հետ հաստատել բարիդրացիական հարաբերություններ, ուղղակի չկա: Այո, այս գործընթացը, հաշվի առնելով վերջին 30 տարիների ընթացքում տեղի ունեցած տարածաշրջանային գործընթացները, հեշտ չէ, բայց մենք պատրաստակամ ենք՝ գնալու այս ճանապարհով: Եվ անելու ենք ամեն բան, որպեսզի ՀՀ շահերից բխող այս գործողությունն իրականություն դառնա»,- ասաց Աղաջանյանը:

Անդրադառնալով հարցին, թե ինչու է հենց հիմա պաշտոնական Անկարան նման երկխոսություն սկսելու վերաբերյալ հայտարարությամբ հանդես գալիս՝ պատգամավորը նշեց՝ տեղյակ է, որ այդ քննարկումներն ինչ-որ ժամանակ տեղի էին ունենում: Թե ինչու է հենց այս պահին այդ հայտարարությունը հնչել, նա հորդորեց դավադրություն չփնտրել, դա գործընթաց է, որը սկսվել է ինչ-որ պահի, եղել է ընթացքում, և ինչ-որ պահի դրությամբ Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարություն է արել, ՀՀ ԱԳՆ-ն էլ հաստատել է: Եղել են քննարկումներ, որոնց արդյունքում ձեռք է բերվել այդ գործընթացը սկսելու համաձայնությունը:

«Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման գին ինքնին չի կարող լինել՝ հաշվի առնելով, որ ՀՀ-ն հայտարարել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատումը չի կարող ուղեկցվել որևէ նախապայմանով»,- ասաց պատգմավորը:

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը դեկտեմբերի 14-ին տարածած հայտարարությամբ հիշեցրել էր, որ Հայաստանը, ինչպես մշտապես նախկինում, այնպես էլ այժմ, պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացին: ԱԳՆ-ն այս առումով դրական է գնահատել Թուրքիայի ԱԳ նախարարի` հարաբերությունների կարգավորման նպատակով հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին հայտարարությունը, և հաստատել, որ հայկական կողմը ևս երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: