ուրբաթ, հունիս 20
20 / 6 / 2025
Հայաստանում ռուսական բազան դուրս բերելու հարցը չի բարձրացվել. Զախարովա

Հայաստանում ռուսական բազան դուրս բերելու հարցը չի բարձրացվել. Զախարովա

 Հայաստանից ռուսական ռազմակայանի դուրսբերման հարցը երկկողմանի երկխոսության ընթացքում երբեք չի բարձրացվել, ճեպազրույցում ասաց ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով, Ռուսաստանը Հայաստանի հետ փոխգործակցության շատ լայն շրջանակ ունի։ Բայց, իհարկե, ինչպես ցանկացած երկրում, կան նաև խնդրահարույց հարցեր, կան իրենց խնդիրներն ու դրամատուրգիան։ Միևնույն ժամանակ Երևանի հետ կանոնավոր երկխոսություն է ընթանում բոլոր գերատեսչությունների միջոցով, որոնք ինչ-որ կերպ առնչվում են բազայի թեմային։
 
«Այդ հարցը գործնական իմաստով երբեք չի բարձրացվել, երևի թե հանրության ներսում, փորձագիտական ​​շրջանակներում քննարկվել է, սա այլ հարց է, բայց Երևանի հետ շփումներում այդ թեման չի արծարծվել»,- հավելեց նա։
Հիշեցնենք` ռուսական ռազմաբազան Հայաստանում տեղակայված է համաձայն 1995 թվականի Մոսկվայի և Երևանի միջև կնքած միջպետական պայմանագրի։ ՌԴ–ն և Հայաստանը 2010 թվականի օգոստոսի 20-ին երկարացրել են պայմանագրի ժամկետը մինչև 2044 թվականը։
Գյումրու 102-րդ ռազմակայանի օդային բաղկացուցիչը Երևանում գտնվող «Էրեբունի» օդանավակայանն է, որի անձնակազմը մարտական հերթապահություն է իրականացնում ԱՊՀ պետությունների ՀՕՊ միավորված համակարգում հակաօդային պաշտպանության գծով։

  • Կիսվել: