շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Ռուսները դե ֆակտո հրաժարվեցին, պետք է պայքարենք, որ Արցախի պաշտպանությունը լինի ՄԱԿ-ի հովանու ներքո. Ավետիք Չալաբյան

Ռուսները դե ֆակտո հրաժարվեցին, պետք է պայքարենք, որ Արցախի պաշտպանությունը լինի ՄԱԿ-ի հովանու ներքո. Ավետիք Չալաբյան

Այն, որ Արցախն այս պահին հայաթափված է, դա չի նշանակում, որ այդպես էլ մնալու է: Այս մասին այսօր ԱԺ-ի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաքվե» նախաձեռնության անդամ Ավետիք Չալաբյանը:

«Իրողությունները կարող են փոխվել, եւ մենք կարող ենք Արցախի նկատմամբ մեր իրավունքները վերականգնել: Նույն Ադրբեջանը Արցախի հայաթափումից հետո ամենուրեք հայտարարում է, որ ինքն այդ հայաթափման հետ կապ չունի, որ դա Արցախի բնակչության սեփական կամարտահայտությամբ է տեղի ունեցել  եւ որ ինքը պատրաստ է Արցախի բնակչությանն ընդունել: 

Հիմա ամենապարզագույն բաներից մեկը, որ պետք է փորձել իրականացնել, դա հետեւյալն է. Արցախի բնակչությունը վերադառնալու համար պետք է ստանա միջազգային երաշխիքներ՝ սեփական անվտանգության եւ իրավունքների պահպանման: Այդ իմաստով, ինչքան էլ գործող իշխանությունը փորձի Արցախի էջը փակել, Արցախի էջը փակված չէ, եւ մենք պայքարելու ենք պայքարը,  որպեսզի Արցախի բնակչությունն իրավունք ստանա վերատիրելու իր հայրենիքին»,-ասաց նա:

«Օրինակ, այդտեղ կարող են լինել միջազգային խաղաղապահ ուժեր, լինի ՄԱԿ-ի կառավարման մանդատ, լինի Լաչինի միջանցքի նկատմամբ միջազգային վերահսկողություն եւ այլն: Ըստ էության, այն, ինչ պետք է անեին ռուսական խաղաղապահ ուժերը, որոնք երկու տարի որոշակի անվտանգության երաշխիքներ ապահովեցին, բայց հետո դե ֆակտո հրաժարվեցին այդ անվտանգության երաշխիքներն ապահովելուց:

Հիմա մենք պետք է պայքարենք, որ դա արդեն լինի ՄԱԿ-ի հովանու ներքո, եւ լինեն այնպիսի երաշխիքներ, որոնք կապված չեն մեկ առանձին երկրի կամայականությունից»,- ընդգծեց Չալաբյանը: 

  • Կիսվել: