Ռուսաստանը մեր լավագույն դաշնակիցն է, որովհետև այլընտրանք չկա. Սերժ Սարգսյան
Ես երբեք ռուսամոլ չեմ եղել ու չեմ լինելու. ես համարել եմ ու համարում եմ, որ, այո, Ռուսաստանը մեր լավագույն դաշնակիցն է, որովհետեւ այլընտրանք չկա: Այս մասին այսօր իր ՛՛Բանակցային առաջնագծում՛՛ գրքի շնորհանդեսի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
ՀՀ երրորդ նախագահը, մասնավորապես, նշեց. ՛՛Նրանք, որոնք ուզում են գալ մեր տարածաշրջան, ի՞նչ են մեզ առաջարկում, իսկ ովքեր այդ գաղափարն առաջ են տանում, պայմանավորվածություն ունե՞ն, ՆԱՏՕ-ն գալու է այստեղ ռազմաբազա դնի՞, եվրոպական որեւէ երկիր Ղարաբաղում կոնտինգենտ է ունենալո՞ւ:
Ես երբեք հակաեվրոպա էլ չեմ եղել: Այսինքն իմ կշտամբանքը վերաբերում է ոչ թե ՆԱՏՕ-ին կամ ԵՄ-ին, այլ այն ավանտյուրիստներին, որոնք ինչ-ինչ հանգմանքներից ելնելով փորձում են այստեղ ամեն ինչը պղտորել, իսկ պղտորելը լավ բանի չի կարող բերել՛՛:
Խոսելով այն մասին, որ Հայաստանը դիվանագիտական քայլերով կարող է ինչ-որ կերպ զսպել Ադրբեջանին՝ Սարգսյանը նշեց. ՛՛Հայաստանի որեւէ հայտարարություն Բաքվին չի կարող զսպել: Միջազգային մի քանի ուժեր կան, նույնիսկ առանձին երկրներ, որոնք ցանկության դեպքում կարող են Ադրբեջանին սսկեցնել՛՛:



