հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ռուսաստանը երբեք չի եղել Հայաստանի հետ կապերի որեւէ սառեցման նախաձեռնողը. Լավրով

Ռուսաստանը երբեք չի եղել Հայաստանի հետ կապերի որեւէ սառեցման նախաձեռնողը. Լավրով

Մամուլի ասուլիսի ժամանակ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին, նշել՝ Մոսկվան երբեք չի եղել այդ կապերի սառեցման նախաձեռնողը։

«Մենք հիշում ենք, թե ինչպես Հայաստանի ներկայիս պաշտոնյաներից շատերը, լինելով ընդդիմության մեջ, տարբեր քաղաքական գործընթացների, ընտրարշավների ժամանակ կոչ էին անում դուրս գալ ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից, և երբ վարչապետ Փաշինյանը եկավ իշխանության, մենք Երևանից ինչ-որ կերպ հեռանալու ոչ մի ցանկություն չունեինք»,- նշել է Լավրովը, հիշեցրել, որ Հայաստանն է հրաժարվել հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ-ի դիտորդների տեղակայումից և հրավիրել Եվրամիության դիտորդներին:

Լավրովի խոսքով՝ Հայաստանում ԵՄ առաքելությունն ակտիվորեն հետաքրքրվում է ռուս սահմանապահների աշխատանքով:

«Մենք բազմիցս ասել ենք, որ եթե ԵՄ առաքելությունը ձեզ ավելի մոտ է, ապա ինչո՞ւ զուգահեռ չհրավիրել ՀԱՊԿ առաքելությունը։ Պատասխանը եղել է՝ ՀԱՊԿ-ը հիասթափեցրել է Հայաստանին, քանի որ չի դատապարտել Ադրբեջանին. մենք գիտենք այդ պատասխանը: Բայց եթե այդ հակամարտության պատմության մեջ խորանանք, այնտեղ ամեն շրջադարձի վրա յուրաքանչյուր երկրի մոտ այնքան գործողություններ կան, որոնք ակնհայտորեն չեն նպաստել առաջընթացին։ Կամ մենք ինչ-որ տեղ մեղավորներ ենք փնտրում և հրաժարվում ենք սահմանների ամրապնդման հարցում իրապես աջակցություն ստանալու այսօր գոյություն ունեցող հնարավորություններից, կամ աշխատում ենք մեր արևմտյան գործընկերների հետ: Ինչպես Հայաստանում արդեն հրապարակավ հայտարարել են, և՛ ՀԱՊԿ-ը, և՛ Ռուսաստանը հիասթափեցրել են, իսկ Արևմուտքը չի հիասթափեցրել»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։

Լավրովը հիշեցրել է նաև որոշ գործիչներին Հայաստանում «անցանկալի անձ» հայտարարելը, Հռոմի ստատուտի ընդունումն ու Միջազգային քրեական դատարանի շուրջ իրադարձությունները:

«Մենք միշտ բաց ենք երկխոսության համար։ Բայց այն, որ Արևմուտքը հրապարակավ հայտարարում է Ռուսաստանին Հարավային Կովկասից հեռացնելու անհրաժեշտության մասին, նույնպես բոլորին է հայտնի։ Դրա վերաբերյալ որևէ առարկություն Երևանից չենք լսել։ Մենք առաջարկել ենք ավելի ակտիվ զարգացնել «3+3» համագործակցության մեխանիզմը։ Կարծում եմ՝ ժամանակի ընթացքում հենց այդ ձևաչափը հեռանկարային կլինի, քանի որ այն կախված չէ ինչ-որ գլոբալ, աշխարհաքաղաքական զարգացումներից և զերծ է հեգեմոնիայի պահպանման այն աշխարհաքաղաքական խաղից, որն այժմ զարգացնում է Վաշինգտոնը Բրյուսելի իր գործընկերների հետ։ Մենք շատ ջերմ հարաբերություններ ունենք հայ ժողովրդի հետ և վստահ ենք, որ պատմությունն ամեն ինչ իր տեղը կդնի, բայց մենք միայնակ չենք կարող լուծել այդ խնդիրները»,- եզրափակել է ռուս դիվանագետը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: