ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ռուսաստանը չի կարող հաշվի չնստել Ադրբեջանի եւ Թուրքիայի աճող դերի հետ․ Քոչարյան

Ռուսաստանը չի կարող հաշվի չնստել Ադրբեջանի եւ Թուրքիայի աճող դերի հետ․ Քոչարյան

Ակնհայտ է, որ լուրջ գործընթացներ են ընթանում տարածաշրջանում եւ` ոչ մեր օգտին: Այս մասին հոկտեմբերի 4-ին մամուլի ասուլիսի ժամանակ, մեկնաբանելով բաժնետոմսերի փաթեթի փոխանցումը ՀՀ կառավարությանը, ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Նրա խոսքով` փաստ է, որ Ռուսաստանի ռազմաքաղաքական դաշնակիցը` Հայաստանը, պարտվեց, իսկ Թուրքիայի դաշնակիցը՝ Ադրբեջանը, հաղթեց: Սա առաջին դեպքն է հետխորհրդային տարածքում, երբ մեկ այլ պետություն (Թուրքիա) անմիջականորեն մասնակցում է ռազմական գործողություններին: Մինչ այդ բոլորը խուսափում էին` Ռուսաստանին չնյարդայնացնելու: Հասկանում էին, որ պատասխանը կտրուկ կլինի եւ չէին չգնում այդ քայլին:

«Թե ինչպիսին կլինեն իրավիճակի հետեւանքները, դժվար է ասել: Ակնհայտ է, որ Հայաստանը, որպես գործոն, կա՛մ դադարել է գոյություն ունենալ, կա՛մ դրա ազդեցությունը զգալիորեն նվազել է: Ակնհայտ է, որ Ռուսաստանն այս ամենը հաշվի կառնի տարածաշրջանում իր վարած քաղաքականության մեջ: Ադրբեջանի ու Թուրքիայի դերը մեծացել է: Ռուսաստանը չի կարող հածվի չնստել դրա հետ` դուր է գալիս դա մեզ, թե ոչ, դա փաստ է: Ադրբեջանը ավելի քիչ կփորձի հավասարակշռել իր հարաբերությունները Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ. անհամաչափությունը հօգուտ Թուրքիայի կաճի: Դրա մասին են վկայում 7-8 զորավարժությունները:

Խոսում են տարածաշրջանում խաղաղության դարաշրջանի մասին: Հարց. Իսկ դու ո՞վ ես: Իսկապես: Ի՞նչ ես դու քեզանից ներկայացնում` բարձրաձայնելով նման գաղափարներ եւ նման նպատակներ հետապնդելով: Ամենազավեշտալին այն է, որ այսօր դու բանակցությունների սեղանի շուրջ չես: Դու ինքդ ես սեղանին, քեզ քննարկում են առանց քո մասնակցության: Դու դադարել ես բանակցային գործընթացի սուբյեկտ լինել: Դու վաղուց այդ բանակցային գործընթացի օբյեկտն ես: Կա եւս մեկ հանգամանք. անհնար է խաղաղ դարաշրջան նախաձեռնել, եթե չես կարող այն հաստատել քո երկրում եւ չես ձեռնարկել դրան հասնելու ոչ մի քայլ: Հատկապես` պատերազմի հետեւանքները շտկելու համար»,- հայտարարեց Քոչարյանը:

«Հիմա ինչպե՞ս կարելի է դա փոխել: Կարելի է. այդ մարդիկ պետք է հեռանան: Ծնկի եկած բանակցել ուղղակի հարմար չէ: Եվ չես կարող բանակցել մեկի հետ, ով ծաղրում է քեզ: Չի ստացվի բանակցել»,- ընդգծեց երկրորդ նախագահը:

  • Կիսվել: