կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ռուսաստանից միտք է հնչել, որ եթե զենք մատակարարեն, ապա Հայաստանի դիրքորոշումները կկոշտանան. ԱԽ քարտուղար

Ռուսաստանից միտք է հնչել, որ եթե զենք մատակարարեն, ապա Հայաստանի դիրքորոշումները կկոշտանան. ԱԽ քարտուղար

2021 թվականից սկսած փորձել ենք զենք գնել Ռուսաստանից, պայմանագրեր ենք կնքել, բանակի համապարփակ բարեփոխման հայեցակարգ են մշակել ՌԴ-ի հետ, որպեսզի համատեղ իրականացնենք այդ բարեփոխումները, բայց դրա փոխարեն մայիսին, նոյեմբերին Հայաստանի վրա հարձակումներ են եղել, Ռուսաստանը չի մատակարարել մեզ անհրաժեշտ գնված զենքը, և մենք սկսել են նոր գործընկերներ փնտրել։ Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ նշելով, որ անվտանգության ոլորտում համագործակցությունը դիվերսիֆիկացնելու պահանջը օբյեկտիվորեն է ստեղծվել։

Նա, մասնավորապես, նշեց. «2020 թվականին Հայաստանի ռազմատեխնիկական ողջ համագործակցությունը եղել է Ռուսաստանի հետ։ 2021 թվականի հունվարի մինչ օրս մի քանի միլիարդ դոլարի պայմանագրեր ենք կնքել տարբեր երկրների հետ, բայց դրանց թվում Ռուսաստանի ծավալը 10 տոկոսից քիչ է։ Ավելին՝ հաճախ հղում է արվում Ուկրաինայի պատերազմին և դրա պատճառով չմատակարարմանը, բայց այդ պայմանագրերը կնքվել են 2021 թվականի սկզբին, զենքն ավելի քան մեկ տարի չի մատակարարվել, ոչ էլ դրանից հետո։ Սա հենց Ռուսաստանի ընտրությունն է եղել՝ մեզ դրել են փաստի առաջ, և մենք ստիպված ենք եղել դիվերսիֆիկացնել մեր գործընկերներին և նորերին փնտրել։ Այդ գործընկերներից են Հնդկաստանը, վերջերս՝ Ֆրանսիան, ԵՄ տարբեր երկրներ, շատ այլ երկրների հետ ենք սկսել աշխատել»:

Հարցազրուցավար Պետրոս Ղազարյանի հարցին, թե ինչ պարզաբանում են տվել Ռուսաստանից, երբ նախքան ուկրաինական պատերազմը չի մատակարարվել գնված սպառազինությունը, Արմեն Գրիգորյանը նշեց. «Ռուսաստանից միտք է հնչել, որ եթե զենք մատակարարեն, ապա Հայաստանի դիրքորոշումները կկոշտանան, այդ պատճառով էլ չեն մատակարարում։ Ցանկացած երկիր, որն ունի այլընտրանքներ, կարող է դիմադրություն ցույց տալ իր շահերին հակասող քայլերի դեմ»։

Նա նաեւ հավելեց. «Մեր ռազմավարական մեծ սխալն է եղել, որ 1991 թվականից սկսած բոլոր ուղղություններով կախված են եղել Ռուսաստանից, և երբ Ռուսաստանը հստակ որոշում է կայացրել չօգնել Հայաստանին, և մեր անվտանգության համակարգը փլուզվել է, Հայաստանը սկսել է այլընտրանքներ փնտրել, և այդ ճանապարհին այսպիսի իրադարձություններ են տեղի ունենում»:

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: