շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը բուժհաստատություններում գտնվող ՀՀ 2 տասնյակ քաղաքացիների և բուժանձնակազմի հետ պահպանում է մշտական կապ. ԱԳՆ մամուլի խոսնակ

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը բուժհաստատություններում գտնվող ՀՀ 2 տասնյակ քաղաքացիների և բուժանձնակազմի հետ պահպանում է մշտական կապ. ԱԳՆ մամուլի խոսնակ

ԱԳՆ մամուլի խոսնակը պատասխանել է «Արմենպրես» լրատվականի հարցերին.

Հարց. Վերջին շրջանում ո՞ր երկրներից է կազմակերպվել ՀՀ քաղաքացիների վերադարձը Հայաստան և ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այդ ուղղությամբ ապագայում:

- Մենք բազմիցս ենք նշել, որ արտերկրում հայտնված և Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնող մեր քաղաքացիների վերադարձի կազմակերպման ուղղությամբ աշխատանքները կրում են շարունակական բնույթ: Այս առումով ցանկանում եմ նշել, որ նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված՝ սահմանափակումների պարագայում յուրաքանչյուր թռիչքի իրականացում իր մեջ ներառում է բազմաշերտ գործողությունների ընթացակարգ՝ սկսած թույլտվությունների ձեռքբերումից մինչև տեղում և տեղափոխման առողջապահական անվտանգության ռիսկերի գնահատում և դրանց հասցեագրման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի ձեռնարկում: Ուստի բնական է, որ թռիչքներն իրականացվում են որոշակի պարբերականությամբ՝ վերոնշյալ հանգամանքներից ելնելով: Փորձեմ ներկայացնել վերջին շրջանի տվյալները՝ հակիրճ: Իրաքում ՀՀ դեսպանության և Իրաքի ԱԳՆ միջև սերտ համագործակցության արդյուքնում և Իրաքյան Քրդստանի կառավարության հովանավորությամբ ապրիլի 24-ին իրականացվեց Երևան-Էրբիլ-Երևան հատուկ չվերթը՝ Հայաստան տեղափոխելով Իրաքից հայրենիք վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ 21 քաղաքացիների, ինչպես նաև՝ Էրբիլ տեղափոխելով Իրաքի 133 քաղաքացիների։ Ապրիլի 27-ին Լեհաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ ՀՀ 18 քաղաքացիներ Վարշավայից ավտոբուսով տեղափոխվել են Մինսկ, որտեղից Մինսկ-Երևան չվերթով վերադարձել են Հայաստան: Ապրիլի 28-ին իրականացվեց Կիև-Երևան-Կիև չարտերային չվերթը, որով Հայաստան վերադարձան ՀՀ 120 քաղաքացիներ և ՀՀ մուտքի իրավունք ունեցող Ուկրաինայի 25 քաղաքացիներ։ Այս թռիչքի կազմակերպման առումով մեծ աշխատանք են կատարել ՀՀ դեսպանության, Օդեսայում գլխավոր հյուպատոսությունը և պատվավոր հյուպատոսների գրասենյակները։ Թռիչքն հնարավոր է դարձել Ուկրաինայում ՀՀ դեսպանության և Ուկրաինայի հայերի միությանը և համայնքային ներկայացուցիչների անձնական ջանքերի շնորհիվ: Իրականացվել է նաև մեր քաղաքացիների վերադարձը Սիրիայից: Ապրիլի 29-ին Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից կազմակերպվել է ՀՀ քաղաքացիների անվտանգ տեղափոխումը Դամասկոս, որից հետո վերջիններս, Դամասկոսից արդեն ևս 3 քաղաքացիների հետ միասին, թռիչք կատարեցին դեպի Երևան: Ցանկանում եմ առանձահատուկ ընդգծել, որ վերոնշյալ միջոցառումների արդյունքում Հայաստան վերադարձած մեր բոլոր քաղաքացիները գտնվում են 14-օրյա պարտադիր կարանտինում:

Հարց. ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը մեր քաղաքացիների կողմից ի՞նչ հարցեր են բարձրացվում, և ի՞նչ է արվում դրանք հասցեագրելու ուղղությամբ:

 -Նշեմ, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ներկայումս 5000 դիմումատուի հայտ է ստացել, որոնց մեծ մասը ներկայացվել է ապրիլի 18-ից հետո։ Սկսած մարտի 22-ից՝ հայտերի ընդհանուր քանակը գերազանցել է 8500-ը։ Մարտի 20֊ից սկսած մինչև այսօր հյուրանոցներում ապահովվել է ՀՀ 1200 քաղաքացու կեցություն: Այսօրվա դրությամբ դեսպանության կողմից տրամադրված հյուրանոցներում, հյուրատներում և ժամանակավոր կացարաններում գտնվում է ՀՀ 350 քաղաքացի, որոնք ապահովվում են սննդով և առաջին անհրաժեշտության պարագաներով։ Հարյուրավոր քաղաքացիների կացության և սննդի հարցն ապահովվել է նաև Դոնի Ռոստովում, Նովոսիբիրսկում, Եկատերինբուրգում և ՌԴ այլ քաղաքներում։ Ընդգծեմ, որ աշխատանքներ են տարվել մոտ 517 քաղաքացու աշխատանքի տեղավորման ուղղությամբ։ 117 քաղաքացի մարտ, ևս 400 քաղաքացի, այդ թվում կանայք, ապրիլ ամսվա ընթացքում անցել է աշխատանքի՝ ՌԴ տարբեր մարզերում։ Իսկ մոտ 150 քաղաքացի հրաժարվել է աշխատանքի առաջարկից։ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը բուժհաստատություններում գտնվող ՀՀ երկու տասնյակ քաղաքացիների և բուժանձնակազմի հետ պահպանում է մշտական կապ և ըստ անհրաժեշտության՝ տրամադրում է համապատասխան պարագաներ։ Օժանդակություն է ցուցաբերվում նաև տնային պայմաններում կորոնավիրուսի ախտորոշմամբ բուժվող ՀՀ 8 քաղաքացու։ Տանը ինքնամեկուսացման պայմաններում գտնվող և ծանր ֆինանսական կացության մեջ հայտնված 45 ընտանիքի մշտական հիմքով տրամադրվում է պարենային զամբյուղ։ Ապրիլ ամսին կազմակերպված 7 չարտերային թռիչքի արդյունքում Ռուսաստանից Հայաստան է վերադարձել մոտ 1500 քաղաքացի, որոնցից ավելի քան 1300-ը՝ անվճար հիմքով։ Կցանկանայի ընդգծել, որ բազմաթիվ աշխատանքներ իրականացվել են բարերարների, համայնքային կառույցների հետ համագործակցությամբ։

  • Կիսվել: