շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՌԴ-ն շահագրգռված է խորացնել երկխոսությունն Իրանի հետ մի շարք տարածաշրջանային հարցերով, այդ թվում` ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակի․ Լավրով

ՌԴ-ն շահագրգռված է խորացնել երկխոսությունն Իրանի հետ մի շարք տարածաշրջանային հարցերով, այդ թվում` ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակի․ Լավրով

Մոսկվան եւ Թեհրանը նշում են իրենց փոխադարձ շահագրգռվածությունը խորացնելու երկխոսությունը մի շարք տարածաշրջանային հարցերով, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի: Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ հանդիպմանը, հայտնում է TASS-ը։

«Հաշվի առնելով մեր երկրների դերը մեզ շրջապատող տարածաշրջանում` մենք շահագրգռված ենք խորացնել երկխոսությունն այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են անվտանգությունը Պարսից ծոցում, աֆղանական կարգավորման խնդիրները եւ, իհարկե, կարելի է քննարկել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների կողմից պայմանավորվածությունների ձեռք բերումից հետո»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը:

Նա նաեւ մատնանշել է ռուս-իրանական փոխգործակցության կարեւոր դերը ինչպես երկկողմ ձեւաչափով, այնպես էլ ահաբեկչության, թմրանյութերի ապօրինի շրջանառության եւ կազմակերպված հանցավորության այլ տեսակների դեմ պայքարի միջազգային հարթակներում:

Լավրովը նշել է նաեւ, որ Մոսկվան եւ Թեհրանն անկեղծորեն շահագրգռված են բոլոր կողմերի կողմից իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի լիարժեք իրականացման մեջ:

«Այսօր ամենահրատապ թեմաներից մեկն Իրանի միջուկային ծրագրի շուրջ կարգավորման Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի փրկության խնդիրն է: Ե՛վ մենք, ե՛ւ Իրանն անկեղծորեն շահագրգռված ենք ԳՀՀԾ-ն ստորագրած բոլոր կողմերին վերադարձնել իրենց պարտավորությունների լիարժեք կատարմանը»,- նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: