շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ՌԴ-ն փորձում է իրավիճակը պահել իր ձեռքի մեջ՝ չհասկանալով, որ վաղուց բաց է թողել. ԱԺ նախագահ

ՌԴ-ն փորձում է իրավիճակը պահել իր ձեռքի մեջ՝ չհասկանալով, որ վաղուց բաց է թողել. ԱԺ նախագահ

Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Ադրբեջանի՝ արևմտյան հարթակներում բանակցություններից խուսափելուն:

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Սիմոնյանը վստահեցրեց, որ Հայաստանի համար տարբերություն չկա, թե բանակցությունները որ հարթակում կլինեն, կարևորը գործող հարթակ լինի, Ադրբեջանը դա շատ լավ գիտի:

«Ինչու միջազգային հարթակներ չի գալիս, որովհետև կարծում եմ, որ այն էթնիկ զտումը, որն իրականացվեց, այն գործելաոճը, աշխատելաոճը, որը տեսան միջազգային գործընկերները, բավականին բարդ կացության մեջ է դրել Ադրբեջանին, դա փաստ է: Փաստ է, որ որպես գործընկեր միջազգային առումով Ադրբեջանն իմ գնահատմամբ, բավականին սխալ ու վատ է իրեն պահել: Եվ ըստ իս՝ դա է պատճառը, որ հիմա իրենք խուսափում են միջազգային հարթակներից: Արդեն բոլորը գիտեն, տեսնում են հայկական և ադրբեջանական կողմերի տարբերությունը»,-ասաց Սիմոնյանը:

Անդրադառնալով հարցին՝ այդ դեպքում Ռուսաստանը չի՞ տեսել Ադրբեջանի  գործելաոճը, պահվածքը՝ ԱԺ նախագահն ասաց. «Ռուսաստանի արձագանքն ավելի շատ նման է այն տարբերակին, որ փորձում է իրավիճակը պահել իր ձեռքի մեջ՝ չհասկանալով, որ իրավիճակը վաղուց բաց է թողել: Ամենավառ օրինակը՝ 15 տեղից հարձակում է իրագործվում Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, իսկ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարությամբ Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում: Քաղաքական հարթակներում հաճախակի շփումները նվազեցնելու և հարաբերությունների մեջ լարվածությունը նաև դրա պատճառն է, որ երկակի ստանդարտներ կան: Ռուսաստանը թե գործընկերային առումով, թե որպես տարածաշրջանում նոյեմբերի 9-ի փաստաթղթի երաշխավոր, իր գործառույթները չկատարեց: Ի՞նչ արեցին խաղաղապահները, հայերին ուղեկցեցին Արցախից դո՞ւրս, դա՞ էր իրենց գործառույթը»:

Սիմոնյանն ընդգծեց՝ ցավում է այն ռուս զինվորների համար, որոնք զոհվել են Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերի 19-ի իրադարձություններից հետո: Սակայն նա նաև հավելեց, որ այդ զինվորները զոհվել են ռազմական գործողությունների ավարտից 2-3 ժամ հետո: «Խաղաղապահները ԼՂ-ում ոչ մի բան չեն արել»,-ասաց Ալեն Սիմոնյանը:

  • Կիսվել: