ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ՌԴ-ն հրաժարվեց օգնության ճանապարհից, մեր բանակը կուժեղացնենք այլ գործընկերների շնորհիվ․ Գրիգորյան

ՌԴ-ն հրաժարվեց օգնության ճանապարհից, մեր բանակը կուժեղացնենք այլ գործընկերների շնորհիվ․ Գրիգորյան

Մեր դաշնակից Ռուսաստանը 2020-2022 թվականներին հնարավորություն ունեցել է մեզ օգնելու, բայց չի օգնել: Այս մասին Հանրային ՀԸ-ի եթերում ասել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Նա նշել է, որ 2016 թ, ապրիլյան քառօրյայից հետո Հայաստանը քաշվում է խորը կոնֆլիկտների մեջ, անվտանգային մարտահրավեր են ստեղծվում.

«Որպեսզի այդ անվտանգային մարտահրավերը Հայաստանին ստիպի սուվերենությունից հրաժարվելու... Հայաստանում 2-3 տարի հիմնական թեզը ո՞րն է, այն, որ Հայաստանն իբրև չի կարողանում իր անվտանգությունն ապահովի, դրա համար Հայաստանն անկախություն չպետք է ունենա, պետք է միության մաս լինի։ Դա է ամբողջ միտքը»,- ասաց Գրիգորյանը։

Նա ասաց, թե ՀՀ-ն հայաստանակենտրոն է և արտաքին քաղաքականություն չի փոխել.

«Մենք նաև համագործակցում ենք Հնդկաստանի հետ։ Գիտեք, թե ինչպիսի անվտանգային լուրջ համագործակցություն ունենք, հիմա Արևմո՞ւտք ենք գնում, թե՞ Հնդկաստան։ Մենք գնում ենք մեր սուվերենությունը բարձրացնելու ճանապարհով։

2021 թ հունվար -փետրվարից Հայաստանը համագործակցում է Ռուսաստանի հետ, որպեսզի մեր պաշտպանության նախարարությունները սերտ համագործակցությամբ բարեփոխեն մեր բանակը։ Դրանից հետո մայիսին և նոյեմբերին եղան Ադրբեջանի հարձակումները և Ռուսաստանը կարծես հրաժարվեց դրանից։ Մեր փորձն էլ ցույց տվեց, որ կա այլ ճանապարհ, դա ՀՀ Զինված ուժերի բարեփոխումն է, որն ինտենսիվ առաջ է շարժվում, մենք հնարավորություն ունենք մեր բանակն ուժեղացնելու՝ գտնելով այլ գործընկներ, ինչպիսին Հնդկաստանն է, որը շատ պատրաստակամ է Հայաստանին օգնելու» , - ասաց Գրիգորյանը։

  • Կիսվել: