չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
ՌԴ-ի կողմից Հայաստանին չմատակարարված զենքի հարցը կարգավորվել է․ Լավրով

ՌԴ-ի կողմից Հայաստանին չմատակարարված զենքի հարցը կարգավորվել է․ Լավրով

Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին Երևանում քննարկել են պայմանագրով հաստատված, բայց այդպես էլ ՀՀ-ին չմատակարարված զենք-զինամթերքի հարցը: Այս մասին  Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Սերգեյ Լավրովը: 

Լրագրողի հարցին, որ Ռուսաստանը  զենք չի մատակարարել Հայաստանին, չնայած դրա դիմաց Հայաստանը վճարել է՝ ՌԴ ԱԳ նախարար պատասխանեց.

«Մենք այդ դրվագն այսօր քննարկել ենք, կարգավորել ենք այդ հարցը: Այդ վճարումները հաշվանցվել են ալ նպատակների, այստեղ հակասություն չկա: Մատակարարումների առումով կարող եմ ասել՝ Ռուսաստանը հիմա ունի իրավիճակ, որով պայմանավորված՝ ստիպված ենք կռվել ամբողջ Եվրոպայի դեմ: Գործնականում, եվրոպական երկրներից Ուկրաինա հասնող զենքը շատ է, ժամանակակից զենք է, և այդ զենքը մեր պատասխանն է պահանջում: Համոզված եմ՝ մեր հայ բարեկամները մեզ հասկանում են, գիտեն, որ նման իրավիճակներում մենք չենք կարող մեր բոլոր պարտավորությունները ժամկետում կատարել: Բայց անգամ այդ իրավիճակում հայ գործընկերների հետ պայմանագրերով նախատեսված համակարգերը փոխանցվում են և մենք այդ պրակտիկան կշարունակենք»:  

Անդրադառնալով հարցին, որ հատկապես այդ պարագայում Ռուսաստանը չպետք է ընդդիմանա Հայաստանի՝ այլ երկրներից, այդ թվում՝ Եվրոպայից զենք-զինամթերք ձեռքբերելուն,Սերգեյ Լավրովը երկիմաստ պատասխան տվեց.

«Որևէ խնդիր չկա, դա մեր հայ բարեկամների ընտրությունն է: Եթե իրենք  ցանկանում են ունենալ ֆրանսիական կամ այլ երկրի բազա՝ լրացուցիչ մատակարարների համար, խնդրեմ, մենք որևէ բան չենք պարտադրելու: Մեր դաշնակիցներն իրենք պետք է որոշեն, թե որտեղ է ավելի լավ զենք գնել: Նույնիսկ՝ այն ամենով հանդերձ, ինչ ես քիչ առաջ ասեցի»,- վստահեցրեց ՌԴ ԱԳ նախարարը՝ չմոռանալով հիշեցնել, որ Ֆրանսիան Ռուսաստանի համար, մեղմ ասած, բարեկամ երկիր չէ: 

Սերգեյ Լավրովի խոսքով՝ հայ-ռուսական գործընկերային հարաբերությունները, ինչպես նախկինում, հիմա էլ շատ ջերմ են՝ ի հեճուկս մի շարք խնդիրների, որոնք ծագեցին հարաբերություններում, թերևս, միմյանց դիրքորոշումները ոչ լիարժեք հասկանալու պատճառով: 

 

  • Կիսվել: