երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ՔՊ-ում էլ կան մարդիկ, որոնք դեմ են եւ պատկերացնում են, թե ինչ կրակի հետ է խաղում իշխանությունը․ «Հրապարակ».

ՔՊ-ում էլ կան մարդիկ, որոնք դեմ են եւ պատկերացնում են, թե ինչ կրակի հետ է խաղում իշխանությունը․ «Հրապարակ».

«Հրապարակ» թերթը գրում է. «Ի հեճուկս Մոսկվայից հնչող նախազգուշացումներին, Հայաստանի իշխանությունները երեկ վավերացրին աղմկահարույց Հռոմի ստատուտը՝ ըստ էության, պատերազմ հայտարարելով Ռուսաստանին եւ անձամբ Վլադիմիր Պուտինին։ Հռոմի ստատուտի քվեարկությունից, սակայն, պարզ դարձավ, որ նույնիսկ ՔՊ-ում կան մարդիկ, որոնք դեմ են այս քաղաքականությանը եւ պատկերացնում են, թե ինչ կրակի հետ է խաղում այս արկածախնդիրների իշխանությունը` մտնելով բացահայտ հակառուսական դաշտ։ Եվ 71 հոգանոց ֆրակցիայից 11 մարդ կողմ չքվեարկեց այս փաստաթղթին: Իհարկե, մեծ մասն ուղղակի բացակայում էր նիստից, սակայն չի բացառվում, որ հատուկ էին բացակայել, որ կողմ չքվեարկեն:

Այսպիսով՝ 60 կողմ, 22 դեմ ձայնով ստատուտը վավերացվեց, դեմ էին ընդդիմադիրները, իսկ ՔՊ-ից 4 պատգամավոր՝ Շիրակ Թորոսյանը, Դավիթ Դանիելյանը, Սերգեյ Բագրատյանը, Նարեկ Գրիգորյանը, գրանցվել էին, սակայն չքվեարկեցին, 7 պատգամավոր էլ՝  Կարեն Համբարձումյանը, Խաչատուր Սուքիասյանը, Գուրգեն Արսենյանը, Մաթեւոս Ասատրյանը, Կնյազ Հասանովը, Քրիստինե Պողոսյանը, Վահե Ղալումյանը, բացակայում էին նիստից: Թեպետ նրանցից եւ ոչ մեկը գործուղման մեջ չի գտնվում:

Ընդհանրապես, ՔՊ միասնականությունն ու համերաշխությունը խիստ թվացյալ են` խմբակցության հատկապես տարեց գվարդիան, որը, ի տարբերություն սորոսական թեւի, ավելի ողջամիտ է եւ գիտակցում է սրա հետեւանքները, նաեւ հայությունը լրիվ չի կորցրել, դժգոհ է եւ համարում է, որ իշխանությունը սխալը սխալի հետեւից է կատարում: Այս թեւի հետ են նաեւ նախարարներ Սուրեն Պապիկյանն ու Արարատ Միրզոյանը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: