ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Քննիչը մոռացե՞լ է, որ Սերժ Սարգսյանն Արցախի հերոս է․ Ամրամ Մակինյան

Քննիչը մոռացե՞լ է, որ Սերժ Սարգսյանն Արցախի հերոս է․ Ամրամ Մակինյան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ինքնությունների ճշտման ընթացքում՝ Սերժ Սարգսյանի վերաբերյալ կենսագրական տվյալները հայտնելուց հետո, Ամրամ Մակինյանն ասաց, որ Սերժ Սարգսյանի կենսագրական տվյալներից փաստեր են պակասում քրեական գործում.

«Ինչու՞ քննիչը չի նշել, որ Սերժ Սարգսյանը 1989թ. ղեկավարել է ԼՂ ինքնապաշտպանական ուժերը, արդյո՞ք կարևոր չէ այդ փաստը, և պաշտպանական կո՞ղմն այդ մասին պետք է բարձրաձայնի։ Քննիչը մոռացե՞լ է, որ Շուշիի օպերացիա վրա առկա է Սերժ Սարգսյանի ստորագրությունը, այդ հանգամանքը  մոռացե՞լ է քննիչը, միթե՞ սա կարևոր չէ, որ քրեական գործում չկա: 1994թ. զինադադարը պարտադրվել է Ադրբեջանին, այս փաստաթուղթը ստորագրել է Սերժ Սարգսյանը, արդյո՞ք դա կարևոր չէ։ Սերժ Սարգսյանն Արցախի հերոս է,  քննիչն այդ մոռացե՞լ է»,-Tert.am-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Մակինյանը և նշեց նաև Սերժ Սարգսյանի կենսագրական տվյալներն ու կոչումները։

Ամրամ Մակինյանը հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանն ունի բազմաթիվ պարգևներ և դրանք թվարկելու համար նիստի ժամանակը չի բավարարի։

Մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանն էլ ասաց, որ նշվել են այն հանգամանքները, որոնք քրեական գործի համար ունեն կարևոր նշանակություն։

Անդրադառնալով Մակինյանի այն հայտարարությանը, որ քննիչի կողմից կան աղաղակող խախտումներ՝ Միսակյանն ասաց, որ պաշտպանական կողմն ունեցել է դրանք բարձրաձայնելու հնարավորություն։

  • Կիսվել: