ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Քանի որ 2022-ի փետրվարից միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացած էր Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող զարգացումների վրա, Ադրբեջանը հաճախակի ուժ է կիրառում. Միրզոյան

Քանի որ 2022-ի փետրվարից միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացած էր Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող զարգացումների վրա, Ադրբեջանը հաճախակի ուժ է կիրառում. Միրզոյան

Եգիպտական «AlQahera News»-ին-ին տված հարցազրույցում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է հարցին, թե ինչ ազդեցություն ունի ռուս-ուկրաինական պատերազմը Հայաստանի վրա:

Այս առնչությամբ նա, մասնավորապես, ասել է. ՛՛Ուկրաինայում տիրող իրավիճակը հստակորեն ի ցույց է դնում Եվրոպայում անվտանգության ճարտարապետության թուլացումը: Եվ ես կարծում եմ, որ առաջին անգամ դա պարզ դարձավ 2020 թվականին, երբ շատերն անտարբերության մատնեցին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ պատերազմ սանձազերծելու փաստը, որով փորձ էր արվում հակամարտությունը լուծել ուժի միջոցով։ Միջազգային հանրության կողմից ուժի կիրառման հստակ դատապարտման բացակայությունը հանգեցրեց այն իրավիճակին, որին այժմ առերսվում է ամբողջ աշխարհը։

Ավելին, 2022թ. փետրվարից, քանի որ ամբողջ ուշադրությունը կենտրոնացած էր Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող զարգացումների վրա, Ադրբեջանը հաճախակի ուժ է կիրառում։ Դրա ամենավառ օրինակը նախորդ տարվա սեպտեմբերին էր, երբ Ադրբեջանն ագրեսիա իրականացրեց Հայաստանի Հանրապետության դեմ՝ խախտելով ՀՀ տարածքային ամբողջականությունը և գրավելով ՀՀ ինքնիշխան տարածքի շուրջ 150 քառ. կմ: Ես կարծում եմ, որ որոշակի կանոններ, մասնավորապես ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից զերծ մնալը, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը, պետք է պահպանվեն բոլորի կողմից՛՛։

 

  • Կիսվել: