երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Քաղաքական ղեկավարությունը գործել է առավելագույն ջանադրությամբ. Փաշինյանը՝ զոհված զինվորի ծնողին

Քաղաքական ղեկավարությունը գործել է առավելագույն ջանադրությամբ. Փաշինյանը՝ զոհված զինվորի ծնողին

ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին ներկա է նաև 44-օրյա պատերազմում զոհված զինվորներից մեկի հայրը: Նա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասաց, որ իրեն ու շատ ծնողների անհրաժեշտ է իմանալ այն, թե արդյոք պատերազմը սկսվելու պահից հետո քաղաքական ղեկավարությունն արե՞լ է ամեն հնարավորը նման արդյունք չգրանցելու համար:

«Ես ուզում եմ վստահել իմ երկրի վարչապետին, անվերապահորեն վստահել իմ երկրի վարչապետին ու իմ երկրի իշխանություններին, իսկ դրա համար անկեղծ պատասխան եմ ակնկալում»,- ընդգծեց զոհված զինվորի հայրը:

Ըստ Փաշինյանի՝ պատերազմը սկսվելու պահից հետո քաղաքական ղեկավարությունը գործել է առավելագույն ջանադրությամբ, որ նման արդյունք չգրանցվեր:

Նա նաև պատասխանեց մեկ այլ հարցի՝ արդյոք քաղաքական ղեկավարությունն ամեն ինչ արե՞լ է, որ պատերազմը տեղի չունենա: «Ո՛չ, ամեն ինչ չի արվել, որովհետև ամեն ինչ անելու մեջ մտնում էր (ես արդեն ասացի, էլի հիշելով Սերժ Սարգսյանի հարցազրույցը), որ 7 շրջանները թողնում ենք, բայց Ադրբեջանը նորանոր պահանջներ է առաջադրում: Ամեն ինչն այդ տրամաբանության մեջ կլիներ, որ մենք գնայինք, այդ նորանոր պահանջները բավարարեինք: Դա կլիներ ամեն ինչ անել, որ պատերազմը տեղի չունենար: Բայց եթե Դուք հարցնեիք՝ վստա՞հ եք, որ այդ պարագայում պատերազմ տեղի չէր ունենա, ես չեմ կարող վստահաբար ասել»,- նշեց նա:

Փաշինյանը նաև խոստովանեց, որ պատերազմից հետո անընդհատ այդ մասին է մտածում՝ կարո՞ղ է ինչ-որ մի տեղ ինչ-որ բան չի արվել. «Ես չեմ բացառում, որ ինչ-որ մի պահի ինչ-որ մի քայլ է եղել, որի մասին ես հիմա չգիտեմ»:

  • Կիսվել: