հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Քաղաքացինեը բացեցին փողոցները. անհնազանդության ակցիաները կշարունակվեն վաղը

Քաղաքացինեը բացեցին փողոցները. անհնազանդության ակցիաները կշարունակվեն վաղը

Երևանում քաղաքացիները այսօր դադարեցրին բողոքի ակցիաները և կշարունակեն վաղն առավոտյան՝ 7:30-ից:

Նրանք բացեցին իրենց կողմից փակված փողոցները:

Նշենք, որ տարբեր փողոցներ փակելիս ոստիկանների կողմից բիրտ ուժի գործադրմամբ բերման են ենթարկվել մեծ թվով քաղաքացիներ: Ոստիկանությունը մեծ թվով և՛ սև, և՛ կարմիր բերետավորներ էր կենտրոնացրել փակ փողոցների հատվածում, որոնք էլ  ծեծելով բերման էին ենթարկում քաղաքացիներին:

Մինչև փողոցներ փակելը քաղաքացիները հավաքվել էին Հանրապետության հրապարակում, որտեղ անցկացվել է հանրահավաք՝ հետագա անելիքները ներկայացնելու համար: Ելույթներ են ունեցել նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը, «Մայր Հայաստան» դաշինքի համակարգող Անդրանիկ Թևանյանը: 

Վազգեն Մանուկյանը հայտնել է նաև համաժողովրդական շարժումը համակարգելու համար ստեղծված Ազգային կոմիտեի կազմը՝ Հայկ Մամիջանյան, Ավետիք Չալաբյան, Անդրանիկ Թևանյան, Իշխան Սաղաթելյան, Վազգեն Մանուկյան: Անդրանիկ Թևանյանը հայտարարել է, որ վաղը առավոտյան 7:30-ին անհնազանդության ակցիաները մեկնարկելու են, փակելու են ինչպես փողոցներ, այնպես էլ խաչմերուկներ՝ կաթվածահար անելով երթևեկությունը: Ընդդիմադիրները կոչ են արել վաղվանից դասադուլ և գործադուլ հայտարարել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ վաղը՝ 11:00-ին, սպասվում է կառավարության նիստ, և քաղաքացիները պատրաստվում են 10:00-ից շրջափակել կառավարության շենքը:

Նշենք, որ նրանք պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ինչպես նաև իշխանություններից պահանջում են Հայաստանում ընդունել տեղահանված արցախցիներին։

  • Կիսվել: