կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Պուտինը կձերբակալվի՞, եթե գա Հայաստան․ Կիրակոսյանի պատասխանը

Պուտինը կձերբակալվի՞, եթե գա Հայաստան․ Կիրակոսյանի պատասխանը

Կձերբակալվի՞ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, եթե որոշի Հայաստան գալ։ Այս հարցին փետրվարի 13-ին Հանրային ՀԸ-ին տված հարցազրույցում անդրադարձել է միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ ասելով, որ խնդրին լուծում տալու միայն մեկ տարբերակ կա։

Նա, մասնավորապես, նշել է. «Անձեռնմխելիության հարցը վիճելի է, քանի որ երկու տարբեր դատական ատյաններ՝ Միջազգային քրեական դատարանն ու Արդարադատության միջազգային դատարանը, չհամընկնող մոտեցումներ ունեն գործող նախագահների անձեռնմխելիության վերաբերյալ։ Հռոմի ստատուտի վավերացման պահին մենք առաջարկում էինք ռուսական կողմին երկկողմ համաձայնագիր ստորագրել, որը հիմնվում է կանոնադրության հոդվածների վրա, ըստ որոնց՝ պետությունները կարող են ունենալ երկկողմ պայմանագրեր, որոնցով ստանձնում են որոշակի պարտավորություններ և կարող են վկայակոչվել բացառություններ անելու համար։ Նման առաջարկ դեռ նախորդ տարի ապրիլին փոխանցվել էր ռուսական կողմին, հետո քննարկումներ են եղել նախքան վավերացումը, սակայն, ցավոք, չստացվեց կնքել պայմանագիրը։ Կարծում եմ՝ լավագույն մեխանիզմը, որը լուծում կտա այս խնդրին, սա է։ Հուսով եմ՝ ԱԳՆ գործընկերներն այս ուղղությամբ աշխատում են մեր ռուս գործընկերների հետ։ Ուրիշ ավելի լավ առաջարկ չգիտեմ, որը կարող է լինել»:

Հաղորդավար Պետրոս Ղազարյանի հարցին՝ Երևանի առաջարկած պայմանագրի կնքումը թույլ կտա՞, որ Վլադիմիր Պուտինը հանգիստ գա Հայաստան՝ առանց որևէ խնդրի, Կիրակոսյանն արձագանքել է՝ դա առնվազն որոշակի իրավական հիմք կստեղծի դրա համար։

Ստացվում է՝ նույնիսկ այդ դեպքո՞ւմ երաշխիք չկա, որ Պուտինը չի ձերբակալվի Հայաստանում․ ճշտող այս հարցին Կիրակոսյանը հստակ չի պատասխանել՝ ասելով՝ ավելի լավ կլիներ, որ այդ պայմանագիրը կնքվեր մինչև Հռոմի ստատուտի վավերացումը։

«Վավերացումից հետո խնդրին լուծում տալու միակ հնարավոր տարբերակը սա է, այլ տարբերակ չկա»,- ասել է Կիրակոսյանը՝ դժվարանալով ասել՝ ինչու ռուսական կողմը չի ցանկանում ստորագրել նման պայմանագիր Հայաստանի հետ։

  • Կիսվել: