երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Պրահայում ես հասկացել եմ, որ եթե դե յուրե այդ արձանագրումը չանենք, Հայաստանի լուծարմանը ոչ մի բան չի խանգարի. Փաշինյան

Պրահայում ես հասկացել եմ, որ եթե դե յուրե այդ արձանագրումը չանենք, Հայաստանի լուծարմանը ոչ մի բան չի խանգարի. Փաշինյան

Մենք հասկանում էինք, որ այն ուժերը, որոնք հարձակվում էին Հայաստանի վրա, եւ երբ Արեւմուտքից իրենց հարցնում էին՝ էս ինչ եք անում, ասում էին՝ Հայաստանը ռուսամետ երկիր է, դուք Ռուսաստանի դեմ եք պայքարում, մենք էլ ենք Ռուսաստանի դեմ պայքարում ի դեմս ռուսամետ Հայաստանի: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք գալիս, ՀԱՊԿ-ին ասում էինք՝ հարգելի գործընկերներ, դուք քիչ չի, որ մեր անվտանգության երաշխավորի դերը չեք կատարում, հիմա Արեւմուտքի ընկալմամբ ոչ թե մեզ վրա են հարձակվել, այլ ձեզ վրա են հարձակվել եւ պաշտոնապես հնչում է, որ մենք հիմա հարձակվել ենք ոչ թե Հայաստանի վրա, այլ Ռուսաստանի ֆորպոստի վրա: Բա ձեր վրա են հարձակվել, դա է խոսույթը, ՀԱՊԿ-ի վրա են հարձակվել:

Մեզ ասում էին՝ ոչ ոք ձեզ վրա չի հարձակվել, էդ դեռ հայտնի չէ՝ ով ում վրա է հարձակվել, դեռ հայտնի չէ, այդ տարածքը, որ ասում եք՝ օկուպացված է, ինչ տարածք է, դեռ հայտնի չեն լիքը բաներ ու դեռ հայտնի չի՝ ով է մեր բարեկամը, ով մեր բարեկամը չի: Դուք մեր բարեկամին էդ ինչերի՞ մեջ եք մեղադրում: Աչքիս դուք ուզում եք մեր եւ մեր բարեկամի հարաբերությունները վատացնեք:

Մի րոպե, բա պայմանագիրը, բա կարմիր գիծը: 2022-ի հոկտեմբերի 6-ին ես հասկացել եմ, որ եթե դե յուրե այս արձանագրումը չանենք, Հայաստանի լուծարմանը ոչ մի բան չի խանգարի: Որովհետեւ այդ պլանն է, ուրիշ հարց չկա: Ղարաբաղի հարցը վաղուց լուծված է, հիմա մեր պետությունն են ուզում լուծարել, ծնկի բերել բարեկամական կենացների ներքո»,- հայտարարեց Փաշինյանը:

Նրա խոսքով, դրա ապացույցը 2022-ի սեպտեմբերն է. «Պրահան ե՞րբ է տեղի ունեցել, 2022-ի հոկտեմբերի 6-ին, երբ հասկանալի է դարձել, որ եթե մենք մեր հույսը միայն մեր վրա չդրեցինք, պետությունը կորցրելու ենք: Այսօր էլ նույն արձանագրումն եմ անում, դա իմ պարտքն է»:

Փաշինյանը հայտարարեց, որ գուցե ճիշտն այն է, որ 2019-ին ինքը հայտարարեր, որ պետք է վերադառնալ 1996-ի Լիսաբոնի խոսույթին, ասել, որ մեր նշաձողը ԼՂ ինքնավար կարգավիճակն է Ադրբեջանի կազմում: «Բայց ո՞ւմ լեզուն կպտտվեր տենց բան ասել: Օբյեկտիվորեն պետական գործիչը պետք է գար ու դա ասեր: Չնայած դրանից էլ կար հետեւանքներ, որովհետեւ ՀՀ բոլոր ելքերի վրա դրված են եղել եւ շարունակում են դրված լինել դակարդներ: Սիրուն, գույնզգույն ծաղիկներով եւ առանց ծաղիկների, բայց թակարդներ: Դրա համար քաղաքական միտքը պետք է աշխատի»:

  • Կիսվել: